15-րդ դարի խաչքարն ո՞ւր է անհետացել

15-րդ դարի խաչքարն ո՞ւր է անհետացել
Մինչ ՀՀ մարզերից Երեւան են տեղափոխում տասնյակ մշակութային կոթողներ, որոնք, ըստ պաշտոնական ձեւակերպման, վտանգված ու վատթար վիճակում են, նույն այդ մարզերում մշակութային հուշարձաններ են անհետանում: Օրերս մամուլում մի ինֆորմացիա էր շրջանառվում, ըստ որի՝ Գավառ քաղաքի «Բերդի գլուխ» կոչվող տարածքից տարիներ առաջ անհետացել է 15-րդ դարին թվագրվող մի խաչքար, որի կորուստը տարիներ առաջ բարձրաձայնել է մի սփյուռքահայ, ով 1973-ին լուսանկարել է խաչքարը, դրանից 10 տարի անց, չգտնելով խաչքարն իր տեղում, նա այդ լուսանկարը հանձնել է ՀԽՍՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն:



 



Վերջերս արխիվային գույքագրման ժամանակ նորից հիշել են կորած խաչքարի մասին, եւ անհետացած խաչքարը գտնելու հույսով Պատմության  եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Գեղարքունիք-Կոտայք տարածքային բաժինը դիմել է իրավապահ մարմիններին եւ լրատվամիջոցներին: Թե ինչպես է պատմական հուշարձանների շարքում գրանցված հուշարձանը կորել, եւ արդյո՞ք որոշակի պահպանություն եւ հսկողություն չի իրականացվում, որ խաչքարի բացակայությունը տարիներ շարունակ ոչ ոք չի նկատել, կապվեցինք Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանի հետ, ով, ելնելով լուսանկարից, նախ նշեց, որ վիճելի է այդ խաչքարի գտնվելու տեղանքը. «Եթե խոսքը գնում է 30 տարի առաջ՝ 1973-ին լուսանկարված խաչքարի մասին, դա պետք է որ Հացառատի տարածքում լիներ, որովհետեւ այնտեղի հուշարձանն է կոչվում Բերդի գլուխ: Եթե խոսքը Գավառի մասին է, ապա հենց Գավառի կենտրոնում կա բարձունք-բլուր, որը կոչվում է Դարի գլուխ, սա եւս հայտնի հուշարձան է, եւ ամբողջ հուշարձանն այժմ գտնվում է գերեզմանոցի տակ, բայց մի քանի խաչքարեր մնացել են, որոնք վերաբերում են ուշ միջնադարին: Մի բան պարզ է, որ խաչքարն իսկապես լավն է, բայց 70-ականների վերջում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, իր տեղից անհետացել է, եւ քանի որ Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակները կազմվել են 2002-ից սկսած, խաչքարը դժվար թե այդ ցուցակներում ներառված լիներ: Պետք է ուղղակի նայել արխիվները, փաստաթղթերը, թե ինչպես, ում միջոցով եւ երբ է անհետացել կոթողը, որովհետեւ 30 տարվա հնությունից դժվար է ասել, թե ուր է այն հիմա»:



 



Փիլիպոսյանը նշեց, որ ինքը չի կարող ասել, թե 80-ական թվականներին կառավարությունը կամ նախարարությունը ինչու հետեւողական քայլեր չեն ձեռնարկել: Նա ասաց, որ 30 տարի այդ տարածաշրջանում աշխատում է, մի քանի հարյուր հուշարձաններ, դամբարաններ է պեղել, բայց այդ խաչքարը չի տեսել, ինչից ենթադրում է, որ այդ ժամանակ արդեն այն չի եղել: Փիլիպոսյանը վստահ է, որ մարզային ծառայությունները լավ են աշխատում, եւ ոչ մի հուշարձան չի կարող անհետանալ. «Ոչ միայն պահպանություն են իրականացնում մարզային ծառայությունները, այլեւ տարեկան 100-ից ավելի չգրանցված հուշարձանների ցանկ են ներկայացնում կառավարություն՝ ցուցակի մեջ ընդգրկելու համար»: Ինչ վերաբերում է տվյալ խաչքարին, ապա նրա համար զարմանալի է, թե ինչու հանկարծ 30 տարի անց այս խաչքարը հիշվեց, եւ ինչու է այդ հարցը միանգամից բարձրացվել ԶԼՄ-ների առաջ: