Ես բոյկոտում եմ բոյկոտը

Ես բոյկոտում եմ բոյկոտը
Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ բոյկոտը կարող է ինչ-որ նշանակություն ունենալ որեւէ երկրի, ժողովրդի կյանքում, քաղաքացիական հասարակության եւ ընտրական համակարգերի կայացման առումով: Իբր ի՞նչ՝ Սերժ Սարգսյանը պետք է ամոթից մեռնի՞, որ հասարակությունը չի գնում ընտրությունների, եւ ինքն ընտրվում է ՀՀԿ-ական պնակալեզների քվեների շնորհիվ:



 



Պետք է խղճի խա՞յթ ունենա երկրի քաղաքական դաշտն ամայացնելու համար՝ այնպես, որ քիչ թե շատ ազդեցիկ մրցակից չի մնացել երկրում: Պետք է խղճա՞ ընդդիմությանը, որը զրկվել է հենարանից ու հայտնվել ողբալի վիճակում: Բոլորովին: Վստահ եմ, որ նախագահականի վերլուծաբաններն այս իրավիճակը որպես փայլուն հաղթանակ են գնահատում եւ հպարտանում իրենց գործած ավերածություններով: Հակառակ պարագայում Ծառուկյանին չէին ստիպի հրաժարվել առաջադրվելու մտադրությունից, Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի վրա այդպես հետեւողականորեն չէին աշխատի, մեյդան չէին բերի տարբեր էպոսագետների ու «նուռերի», որոնք նախագահի հաստիքային թեկնածուների կարգավիճակում կապահովեն քվեաթերթիկում մի քանի անունների առկայությունը եւ պայքարի իմիտացիան:



 



Բոյկոտն անգամ բարոյական հաղթանակ էլ չէ: Դա թույլերի, անզորների, անկարողների քայլ է: Խեղճ, սպառված հասարակության դրսեւորում: Ոչ մի առաջընթաց, ոչ մի զարգացում չապահովող գործընթաց: Առանց այն էլ մեր հասարակությունն ակտիվ հասարակությունների թվին չի պատկանում եւ պայքարի փոխարեն նախընտրում է դիմանալն ու հանդուրժելը: Բոյկոտ հայտարարելով՝ մարդկանց ավելի ենք մղում անհուսության, պասիվության: Ներշնչում ենք, որ ոչ մի հեռանկար ու հույս չկա: Վերջապես՝ ամեն պարտություն չէ, որ ձախողում է: Պատկառելի քվեներ ստացած այլընտրանքային թեկնածուն նոր քաղաքական ուժ ձեւավորելու շանս է ստանալու: