Գաղտագողի ու ծածուկ

Գաղտագողի ու ծածուկ
Նախագահական ընտրությունների թոհուբոհի մեջ շատ կարեւոր թեմաներ կորչում են՝ մղվում ետին պլան: Մինչդեռ արժեր դրանցով զբաղվել: Այս օրերին մամուլը հեղեղված է ատամնաբուժարանների բողոքի ակցիաների մասին նյութերով: Նոր հարկը, որ բողոքի ալիք է բարձրացրել, ըստ ատամնաբույժների, շատ ատամնաբուժարանների փակման պատճառ կարող է դառնալ, մյուսներն էլ վնասով կսկսեն աշխատել:



 



Մարդիկ սրա տակ փնտրում են գլոբալ շահեր՝ ոչինչ մեզանում հենց այնպես չի արվում: Եվ հարցնում են՝ ո՞ւմ է սա ձեռնտու: Ենթադրություններ կան, որ սրանով նոր մենաշնորհի ձեւավորմանն են նպաստում: Անշուշտ, չի բացառվում, բայց մեզ առավելապես հետաքրքրում է, թե ինչպես կարող էին այսպես ծածուկ, գաղտագողի անցկացնել այս հարկատեսակը: Ինչպես կարող էին օրենքում նման խոշոր փոփոխություն անել, որ հենց իրենք՝ ատամնաբույժներն ու այս ոլորտով հետաքրքրված անձինք դա չնկատեին: Անգամ եթե այդ փոփոխությունները կայծակնային արագությամբ իրականացվեին, ինչպե՞ս կարող էին դրանք աննկատ մնալ:



 



Պայքարի ալիքը հանդարտեցնելու համար այս օրերին ատամնաբուժարանների աշխատողներին հուսադրում են, թե նորից կքննեն հարցը, կփորձեն լուծումներ գտնել: Ստացվում է՝ օրենքը մշակվել է կառավարությունում, ներկայացվել ԱԺ համապատասխան հանձնաժողովին, զանազան փորձագետների ու մասնագետների ձեռքի տակով անցել, ապա երկու անգամ քննարկվել Ազգային ժողովի նիստում, բայց, պարզվում է՝ հում է: Անմշակ: Վտանգավոր: Փոքր ու միջին բիզնեսին վնասող: Ստացվում է՝ այս բոլոր օղակներում չի եղել մի կոմպետենտ անձ, որ կանխատեսի այս արդյունքը: Հասկանա, որ գանձարանը լցնելու գերխնդիրը պատճառ չէ, որ երկրի աշխատող քաղաքացին, իր տունը պահող բժիշկն ավելի վատ ապրեն, ավելի քիչ վաստակեն եւ բռնեն արտագաղթի ճանապարհը: