Ընտրություն եղածից

Ընտրություն եղածից
Նախագահական այս ընտրությունները մի առանձահատկություն էլ ունեն՝ այս օրերին ամենաանհեթեթ կոչերն ենք լսում եւ ամենաարտառոց նախաձեռնություններին ենք ականատես: Մեկը հացադուլ է անում, մյուսը պահանջում է վերացնել ընտրագրավը, երրորդն ասում է՝ գնացեք քվեարկության, եւ քանի որ չկա «բոլորին դեմ» տողը, անվավեր դարձրեք քվեաթերթիկը ոչ պատշաճ քվեարկությամբ, չորրորդը բոյկոտ է քարոզում:



 



Ես այս բոլոր առաջարկները, թող ինձ ներեն դրանց հեղինակները, համարում եմ ապակառուցողական, հակաօրինական, քաղաքացիական հասարակության եւ գիտակցության ձեւավորման համար վնասակար: Ի վերջո, եթե մի կողմ թողնենք սենտիմենտները, ի՞նչ է ընտրությունը: Միջոցառում, որի ժամանակ դուք ստիպված եք ձեզ ներկայացված ներկապնակից ընտրել մի բան: Դա կյանքի ու կողակցի ընտրություն չէ, ճակատագրի ու մասնագիտության ընտրություն չէ: Եթե անգամ ճակատագրական է երկրի համար, ապա միեւնույն է՝ դրան չի կարելի մոտենալ մերժման, բացասման, նիհիլիզմի տեսանկյունից:



 



Հասկանալի է, որ մեր պահանջներն ավելի մեծ են, եւ մենք կնախընտրեինք, որ մեզ առավել բազմազան ու հարուստ տեսականի ներկայացվեր: Այնպիսի իրավիճակ լիներ, որ ընտրությունը կատարեինք, այսպես ասած, փակ աչքերով: Հաճույքով: Առանց երկար խորհելու: Բայց ունենք այն, ինչ ունենք: Եվ եթե այդ ընտրությունն աղքատիկ է, մենք բոլորս ենք մեղավոր, ուստի պետք չէ անիմաստ դժգոհություններով պղտորել մարդկանց հոգիները եւ անհուսություն ու մերժողական վերաբերմունք սերմանել ընտրություն կոչվող գործընթացի նկատմամբ:



 



Ի վերջո, դժգոհների այս բազմությանն ինչո՞վ չեն բավարարում Հրանտ Բագրատյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Կարեւորը հասարակական ընտրության կայանալն է, անգամ եթե այդ ընտրությունը կանգ է առնում էպոսագետի վրա: