Եկել է ռեստարտի ժամանակը

Եկել է ռեստարտի ժամանակը
Տխուր, միապաղաղ ընտրություններ են. երբեւէ նման ձանձրալի ընտրարշավ չեմ հիշում՝ բողոքում եմ ընկերներիցս մեկին, ով քաղաքագիտական վերլուծությունների մեծ մասնագետ է: «Ոչինչ,- մխիթարում է նա ինձ,- փոխարենը հետընտրական շրջանն է հետաքրքիր լինելու»: Ըստ նրա տեսության, փետրվարի 18-ից հետո մեզ բուռն զարգացումներ են սպասվում՝ արդեն իսկ դրա ծիլերը նկատելի են: «Չի կարող երկիրն այս վիճակում մնալ, չի կարող հասարակությունն իր միջից նոր ուժեր չծնել, նոր պրոցեսներ չձեւավորել»,- բացատրում է նա:



 



Մի կողմից նոր ընդդիմություն պետք է ձեւավորվի երկրում, եւ դրա համար այսօրվա ընդդիմության բեկորները կմիավորվեն-կտարանջատվեն-կբյուրեղանան, նոր ընդդիմադիրներ ասպարեզ կգան: Մյուս կողմից, իշխանության մեջ գտնվող ուժերը պետք է վերակազմավորվեն՝ «ռեստարտ» լինեն, որ հաջորդ ընտրություններում կարողանան մրցունակ լինել եւ ջրի երեսին մնալ: Պարզից էլ պարզ է, որ, ասենք, «Օրինաց երկիր» կուսակցությունը 2017-18-ին չի կարող գործոն լինել: Ինչպես այս տեսքով չի կարող լինել նաեւ Հանրապետականը: Այսօր արդեն նկատելի են այն երեք թեւերը, որոնք կարող են ձեւավորվել այսօրվա ՀՀԿ-ից՝ տիգրանսարգսյանական, հովիկաբրահամյանական եւ կարենկարապետյանական: Թե դրանցից որն ավելի կենսունակ կլինի եւ կկարողանա նոր ժամանակների ոգով վերակառուցվել, ցույց կտա ժամանակը:



 



Նախկին տեսքով չի կարող գոյատեւել նաեւ Դաշնակցությունը՝ եթե այսպես շարունակվի, ՀՅԴ-ն 2017-ին ավելի խեղճ ու անօգնական կլինի: Էլ չենք խոսում ՀՀ նախագահի 2013-ի ընտրություններին չմասնակցող ԲՀԿ-ի, «Ազատ դեմոկրատների», «Հանրապետության», ՀՀՇ-ի եւ մյուսների մասին, որոնք, անկախ տարբերություններից, մազից կախված վիճակում են, եւ հայտնի չէ, թե 2 տարի անց նրանցից ինչ կմնա ասպարեզում: