Գողական կանոններով

Գողական կանոններով
Այնպես է ստացվել, որ մեզանում ավելի շատ գողական չգրված կանոններն են աշխատում, քան գրված աշխարհիկ օրենքները: Ամեն քայլափոխի հանդիպում ենք «ճշտով» հարցեր լուծելու, «ավտարիտետներին» հարգելու, «օբշչակի» շահերը հաշվի առնելու եւ այլ գողական կանոնների «աշխարհիկ» դրսեւորումներին:



 



Ասենք, ինչո՞վ գողական աշխարհի սկզբունքներից չէ իրավահաջորդ նշանակելու նախկին նախագահների սովորույթը: Արդյունքում՝ նախկին նախագահը գործող նախագահին ասում է՝ ես եմ քեզ բերել ասպարեզ եւ չեմ ուզում խանգարել քո՝ երկրորդ «սրոկ» պաշտոնավարելուն: Փոխադարձ կապվածության, ստվերային պայմանավորվածությունների, «պախանին» հարգելու եւ նրան գահընկեց անելու ժամկետների ու կանոնների փաթեթն էլ է կրիմինալ աշխարհից վերցված: Կարծում ենք՝ նաեւ դա որոշակի նշանակություն ունեցավ, որ այս նախագահական ընտրություններում լուրջ մրցակիցներ չառաջադրվեցին: Լուրեր էին շրջում, որ Գագիկ Ծառուկյանին համոզելու համար, որպես «ամենածանրակշիռ» փաստարկ, հենց այդ միտքն է օգտագործվել՝ «ինչո՞ւ ես խանգարում, որ մարդն իր երկրորդ սրոկը նստի, ինքը քեզ ժամանակին չի խանգարել, չէ՞»:



 



Ի դեպ, բերդում նստելն էլ են հենց այս տերմիններով բնորոշում՝ «սրոկ», «նստել»: Իսկ երբ անցնի Սերժ Սարգսյանի «երկրորդ սրոկը» եւ մոտենա պաշտոնավարման ավարտը, այս բոլոր անձինք, բնականաբար, ասելու են՝ «մենք քեզ թողեցինք հանգիստ երկու սրոկ նստես, հիմա մեր հերթն է»: Թե ով կլինի հաջորդը՝ ՀՀ երկրորդ նախագա՞հը, թե՞ ԲՀԿ ինքնահրաժարված առաջնորդը, արդեն էական էլ չէ: Նորից կառաջնորդվեն գողական աշխարհի ու բերդերի կանոններով՝ նախագահի աթոռին կնստեցնեն նրան, ով իրեն «ճիշտ» է պահել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին եւ վերջինիս կստիպեն աջակցել «օբշչակի» ընտրած նոր «պախանին»: