Անգամ սովետական Կագեբեն...

Անգամ սովետական Կագեբեն...
Հյուրս սովետական Կագեբեի գնդապետ է՝ 40 տարի այդ համակարգում աշխատած մարդ: Տարիքն առել է, բայց սուր-ծակող հայացքից ու կտրուկ խոսքից զգացվում է ահասարսուռ կառույցի «զակալկան»: Բարձր պաշտոններ է ժամանակին զբաղեցրել, անվտանգության համակարգի ու հետախույզի աշխատանքի նրբություններին կատարյալ տիրապետում է: Թեեւ իր պաշտելի երկիրը վաղուց չկա, սակայն խուսափում է ավելորդ մանրամասներ հայտնելուց՝ հին չեկիստի պահվածք:



 



Քննադատում է այսօրվա իրականությունը եւ զուգահեռներ է անցկացնում նախկին օրերի հետ: Ինձ, անշուշտ, հետաքրքրում են կագեբեական մեթոդները: Փորձում եմ հասկանալ՝ մեր պատկերացումները սովետական Կագեբեի մասին եւ այն տպավորությունը, թե այժմյան անվտանգության համակարգն ու նրա գործունեության մեթոդները ժառանգված են խորհրդային անփառունակ անցյալից, որքանով են համապատասխանում իրականությանը: Հարցնում եմ՝ ձեր ժամանակ երեւի համատարած գաղտնալսումներ էիք անում, հակասովետական տարրերին հայտնաբերելու նպատակով: Կտրուկ առարկում է՝ բոլորովին: «Շատ հազվադեպ էինք գաղտնալսում, եւ յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ էր մանրակրկիտ հիմնավորում, թե ինչու»: Այսինքն ինչպե՞ս, եթե Կենտկոմից հրահանգ էր գալիս, չէի՞ք գաղտնալսում կուսակցական գծին դեմ գնացողներին: «Մենք Կենտկոմից երբեք նման հրահանգներ չէինք ստանում, գաղափարական ղեկավարում կար, բայց ոչ հրահանգավորում»:



 



Եվ առանց անուններ մատնանշելու պատմում է մի դեպք, երբ Կագեբեի աշխատողը ինքնագլուխ գաղտնալսել էր մեկին, զրկվել աշխատանքից ու պատժվել: Եվ ամենակարեւորը՝ «դա թանկ հաճույք էր, մենք այդ միջոցները չէինք կարող քամուն տալ, գաղտնալսումներ արվում էին միայն ծայր անհրաժեշտության դեպքում»: Խոսքն անշուշտ ռեպրեսիաների ժամանակների մասին չէ, այլ ուշ շրջանի ԽՍՀՄ-ի: