Հավասարություն միայն գերեզմաններում

Հավասարություն միայն գերեզմաններում
Մեզ ասում են՝ հավասար վերաբերմունք դրսեւորեք ՀՀ նախագահի թեկնածուների նկատմամբ: Հավասար ինչո՞ւմ, ինչպե՞ս: Հավասարաչափ հոդվածնե՞ր տպագրենք բոլորի մասին, բոլորին հավասար գովե՞նք, թե՞ հավասար փնովենք: Ամեն օր արձանագրենք, թե ի՞նչ է արել թեկնածուն՝ ինչ է կերել, ուր է գնացել, ում է հանդիպել, ինչ է խոսել եւ այլն: Բայց սա պրակտիկորեն անհնարին է, քանի որ նախ՝ տարբեր թեկնածուներ տարբեր կերպ են քարոզարշավ իրականացնում:



 



Մեկն ակտիվ է, մյուսը՝ պասիվ: Մեկն ընտրապայքարի մեջ է մտել միայն անվճար եթերաժամն օգտագործելու եւ ասպարեզում երեւալու համար: Մյուսը այս կամ այն լրատվամիջոցին ու լրագրողներին տանել չի կարողանում եւ հրաժարվում է հանդես գալուց: Չորրորդը իր սիրելի լրատվամիջոցն ու անձնական լրագրողներն ունի: Ի վերջո, ոմանք մեզ հետաքրքիր չեն: Ասենք, ի՞նչ պետք է գրենք Պարույր Հայրիկյանի մասին, որ ընթերցողին հետաքրքրենք: Մարդ, ով նախագահի թեկնածուի «մշտական» ունի եւ ասելիքի այնքան սղություն, որ իր քարոզարշավի մեխն է դարձրել կանանց՝ բանակում ծառայելու մասին դրույթը: Մարդ, ով անգամ ոչ նախընտրական շրջաններում ամսական առնվազն մի քանի ասուլիս է տալիս, նույնքան էլ՝ հարցազրույց: Մարդ, ով իր ԽՍՀՄ քաղբանտարկյալի համբավն ու անկախականի իմիջը 20 տարում ցավալիորեն վատնեց ու քամուն տվեց՝ տարբեր ճամբարներ փոխելով ու իրարամերժ գաղափարներ արտահայտելով: Մարդ, ով այդպես էլ չկարողացավ կայացնել իր կուսակցությունը, որից հայտնի չէ, թե այսօր ինչ է մնացել: Այս այն դեպքն է, երբ ավելի լավ է լռել, քան գրել:



 



ՀԳ.  Թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ կրակել են Պարույր Հայրիկյանի վրա:  Ըստ նախնական տեղեկությունների, նա վնասվածք է ստացել ուսի շրջանում, տեղափոխվել է հիվանդանոց: