Գրչեղբորս` Էքրեմ Էլյիսլիին

Գրչեղբորս` Էքրեմ Էլյիսլիին
«Ադրբեջանական հասարակական լայն շրջանակներին ալեկոծել է Էքրեմ Էլյիսլիի «Քարե երազներ» վիպակը, որտեղ ներկայացված են Ադրբեջանում ութսունական թվականների վերջերից ծայր առած հայկական ջարդերը, ինչպես նաեւ ազգամիջյան ընդհարումներում թրծված երկու ժողովուրդների բարեկամությունը: Բաքվում չեն դադարում գրողի նկատմամբ իրականացվող ճնշումները, նրան մեղադրում են հայամետության մեջ:





Զրկել են պետական պարգեւներից ու կոչումներից, հարազատներին ազատել են աշխատանքից: Ամբողջ մամուլը հեղեղված է գրողի դեմ հրապարակումներով: Այս գործը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ մեզանում՝ հայ գրողներն արդեն աշխատում են աղմկոտ գործը թարգմանելու վրա: Ներկայացվող բաց նամակը եղբայրական կանչ է նեղության մեջ գտնվող հումանիստ գրողին»:



 



Պառնասի գագաթից սիրո եւ եղբայրության շեփորներ են հնչում: Լսվում է Էքրեմ Էլյիսլիի մենության ձայնը, որը հետագայում լինելու է մենակի հաղթանակը բոլորի նկատմամբ: Արարատի հովիտներից քեզ եմ հղում եղբայրական ջերմ մաղթանքներս: Ադրբեջանական ժողովրդի իսկական զավակի, ազատության, արդարության մարտիկի, մեծ հումանիստի սիրո եւ եղբայրության ծնծղաները արդարացումն են այն բանի, որ վատ ժողովուրդներ չեն լինում, թշնամի ազգեր չեն լինում, քանզի բազմաց ձայնը Աստծո կանչն է ճշմարիտ արվեստագետների երկերում: Մեզ մեկմեկու ընդառաջ են մղում մեր ջերմ սրտերը, տաք գրկերը, ողջամիտ զգացումները, անխարդախ մտքերը, դուռ-դռան հարեւանությունն ու մարդկային նույնությունը: Ոչ մի սահման, ոչ մի թշնամանք ու պատերազմ եւ ոչ մի ռազմատենչ նախագահ զորու չէ կանգնեցնելու բանականության ընթացքը: Բարբարոս նախնիները գծեցին բաժանարար սահմանները: Հիմա եկել է ժամանակը, որ քաղաքակիրթ մարդկությունը խորտակի սերը, բարեկամությունն ու եղբայրությունը փշապատնեշող լարերը: Արվեստը սահման չունի: Բայց չէ՞ որ դրան է ձգտում նաեւ մարդու ազատ ու անկաշկանդ ապրելու ձգտումը: Հայրենական փակ սահմաններն անթափանց պատնեշ են մարդկության զարգացման համար: Էլ չեմ ասում օրավուր միմյանց նկատմամբ թույն ու թարախ սփռող քարոզչությունը: Մենք հակադիր դիրքերում հայտնվեցինք ղարաբաղյան կռվախնձորի պատճառով: Չինգիզ խանը պատերազմում էր պատնեշները վերացնելու համար, որպեսզի անարգել ընթանա առեւտուրը, զարգանան տնտեսությունը, մշակույթը: Բայց չէ՞ որ դրա համար կարելի էր եւ չկռվել: Պատերազմն այն վատագույնն է, որ ժառանգեցինք նախնիներից: Նացիոնալիզմն ու այլատյացությունը այն վառելամթերքն են, որ սնուցում էն ազգամիջյան հրդեհներ: Մարդը ծնվել է ոչ այդ կռիվներում հերոսանալու համար: Հերոսները ազգայնական քարոզչությունում կուլ գնացող կյանքեր են: Մարդը ծնվել է ապրելու եւ արարելու համար:



 



Երիցս օրհնվի այն ժողովուրդը, որ քո` Էքրեմ Էլյիսլիի նման զավակ ունի, որը մեկ այլ մարդու ցավն իր ցավն է համարում, մեկ այլ ժողովրդի վիշտն իր վիշտն է համարում, մեկ այլ երկրի կործանումն իր կործանումն է համարում: Նման սրտերը հավերժ են ու անկործան: Մարդկությունը քո երազանքներով անցնելու մեծ ճանապարհ ունի: Եվ դա միայն քո «Քարե երազներ»-ը չեն...



 



Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ



2010 թ. մայիսի 23-ին Կովկասում հանդուրժողականություն եւ խաղաղություն քարոզելու անվանակարգում «Քիրվա» պատմվածքի համար արժանացել է Բաքվի հանդուրժողականության կենտրոնի մրցանակին: