Ասուլիս տվեցիր, որ ի՞նչ անես

Ասուլիս տվեցիր, որ ի՞նչ անես
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում տրված երկրորդ ասուլիսը ամենից շատ  քննարկվող թեմաներից է վերջին օրերին: Ամենից շատ զայրույթ եւ զարմանք առաջացրած արտահայտություններից մեկը` «Գնամ, ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ»՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին, անտարբեր չթողեց նույնիսկ Սերժ Սարգսյանի թիմակից ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին, որն ի պատասխան մեր հարցին ուղղակի բղավեց, թե Րաֆֆին էդ մարդը չի, որ չարանա աշխարհի վրա:



 



 



«Սերժ Սարգսյանի համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է 8 օր սոված մնալ, դա նրա համար խելահեղության ամենամեծ օրինակն է»,- իր հերթին նկատում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Պատկերացնո՞ւմ եք՝ 8 օր չուտել. մարդ, ով իր հասարակական եւ քաղաքական գործունեության զգալի մասը ծախսել է ուտելու վրա, բնականաբար, պետք է զարմացած լինի, որ որեւէ մեկը ութ օր որեւէ բան չի ուտում»: Փաշինյանը հասկանում է, թե ինչու է Սերժ Սարգսյանն ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնացած է: Սերժ Սարգսյանն իր վրա է վերցրել այդ ամենը, եւ եթե ինքն էլ ութ օր սոված մնար, այնքան դառնացած եւ չարացած կլիներ աշխարհի վրա, որ «աշխարհը կործանելու օպերացիա կնախապատրաստեր»:



 



ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆ



 



«…Ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է, կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունեցող մարդիկ են: Այդպես չէ»,- հայտարարում է Սարգսյանը, ապա ստանձնում  գործարար-պատգամավորների պաշտպանի դերը: «Կարծում եմ, ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվել, ճիշտ կլինի, որպեսզի այդ մարդկանց հետ շփվեն հասուն, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե, չեմ ուզում ինչ-որ մասնավոր մի բուհի անուն տալ, երեք ամիս առաջ այդ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայացնել գոնե, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել այդ մարդկանց հետ, որպեսզի տեսնեք»: Հավանաբար, Սամվել Ալեքսանյանը կամ Մհեր Սեդրակյանը լուրջ գեոքաղաքական վերլուծություններ կարող են անել, որոնց, սակայն, ինքնադրսեւորվելու հնարավորություն չեն ընձեռում: «Ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանը չստանձնել նրանց պաշտպանության դերը, չէ՞ որ հենց նրանք են ամենամեծ ընտրակեղծարարները, եւ հենց նրանց շնորհիվ է ՀՀԿ-ն ներկա համամասնությունը կազմում խորհրդարանում»,- նկատում է ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ սրանք ծնոտ կոտրելուց եւ նման  գործողություններից բացի այլ բան չեն կարող անել:



 



ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼՂ ԽՆԴՐԻՆ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ



 



Երջանիկ Աբգարյանն էլ զարմացած է Սերժ Սարգսյանի՝ ԼՂ ճանաչման վերաբերյալ դիրքորոշումից: Նախընտրական շրջանում արկածախնդրություն որակելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԼՂ-ն ճանաչելու առաջարկը, Սերժ Սարգսյանը հարկ էր համարել անդրադառնալ այդ հարցին: «Որքանո՞վ է վտանգելու այդպիսի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը,- հարցնում է նա ու պատասխանում:- Եթե մենք այդպիսի որոշում կայացնենք, ուրեմն բանակցությունները դադարեցվելու են: Դուք կասկածո՞ւմ եք դրանում: Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում: Հակառակ պարագայում ինչի՞ մասին պետք է բանակցենք: Այսինքն, դա ապտակ է լինելու ոչ միայն բանակցող մյուս կողմին, այլ նաեւ համանախագահներին: Առավել եւս, երբ մենք հրապարակից վիրավորական խոսքեր ենք հնչեցնում Մինսկի համանախագահներին, այդ երկրների ղեկավարներին: Բա հանկարծ, եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու: Գիտեք, այդպիսի կոչեր, այդպիսի հայտարարություններ կարող են անել մարդիկ, ովքեր պատասխանատվություն չունեն որեւէ բանի հանդեպ: Նրանց թվում է, թե ժողովրդի ականջին դա շատ հաճելի մի բան է: Միգուցե Տորոնտոյում ապրող մի հայի համար կարող է շատ հաճելի լինել, եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը: Բայց արդյո՞ք դրա համար արժե վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր»:



 



«Գուցե Սերժ Սարգսյանը փորձեց ցույց տալ, որ այդ ճանաչումը բոլոր առումներով անընդունելի է, բայց եթե նա ծանոթ լիներ խնդրին եւ համապատասխան  բառապաշարին, պետք էր ընդամենը ասել, որ ներկայում նպատակահարմար չէ այդ հարցը բարձրացնել եւ ոչ թե ցույց տալ այդ ճանաչելու հարցի միմիայն բացասական կողմերը, դա սխալ է, որովհետեւ մենք, այնուամենայնիվ, այդպիսի հարց ունենք եւ եթե նշում ենք նրա ճանաչելիության բացասական կողմերը, ապա փակում ենք այդ թեման»,- ասում է Երջանիկ Աբգարյանը:



 



ԲԱՐՈՒ ԵՎ ՉԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ



 



«Մեր երկրում բարությունը չի գնահատվում, հասկանո՞ւմ եք»,- նեղսրտել էր Սերժ Սարգսյանը: «Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր քիչ են ներկայացված խորհրդարանում, համարում են, որ ընտրությունները կեղծվել են, որ իրենց խաբել են, որ իրենք անմասն են մնացել: Այդ չարությամբ գնում են խորհրդարան եւ իրենց խնդիրն են համարում առավոտից երեկո միայն չարախոսելը: Մեր երկրում, ցավոք սրտի, չարախոսությունը փոխարինել է առողջ քննադատությանը: Ձեւական բարեգործությունը դարձյալ փոխարինել է բարիությանը եւ բարեգործությանը»:



 



«Եթե երկրում աղքատություն է, մարդիկ թողնում-հեռանում են, եթե երկրում կոռուպցիա, թալան գոյություն ունի եւ հազար ու մի բացասական երեւույթներ, դրանք ինչպե՞ս կարելի է դրական գնահատել»,- կարծում է Երջանիկ Աբգարյանը: Ուրեմն, ըստ զրուցակցիս, պետք է պատճառները ցույց տալ, թե ինչն է հասցրել այդ «չար գնահատականներին»: «Դրանք միայն իշխանությունների գործունեության նկատմամբ բացասական գնահատականն է, այլապես ստացվում է, որ մեր երկիր դրախտավայրում  եւ իշխանության լիդերն է բարության մասին դայլայլում, եւ ընդդիմության, բայց ժողովուրդը թողնում-փախնում է»,- եզրակացնում է նա:



 



ՐԱՖՖԻՆ ԿՈՒՏԸ ՉԿԵՐԱՎ



 



Քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանն էլ անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին արված եւ մերժումի արժանացրած երեք առաջարկներից Սահմանադրության հանրաքվե անցկացնելու առաջարկին (որի նախագիծը պետք է կազմեր Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը): Հովհաննիսյանի խոսքով, սա մոտավորապես նմանվում է այն վստահության հանրաքվեին, որը 2003թ. ընտրությունից հետո առաջարկեց Սահմանադրական դատարանը, եւ որի վերաբերյալ խոստում տվեց իշխանությունը՝ անցկացնել  մեկ տարվա ընթացքում, բայց հետո չանցկացվեց: 2003թ.  ընդդիմությունը դրան հավատաց եւ խաբվեց: «Րաֆֆի Հովհաննիսյանը հավանաբար դասեր է քաղել մեր ոչ վաղ անցյալի պատմությունից, եւ պարզ է, որ պետք է մերժեր այդ առաջարկությունը: Իշխանություններն ադեկվատ չեն գնահատել Րաֆֆուն, թերագնահատել են նրանց, իրենց թվացել է, թե Րաֆֆին քչով բավարարվող է, այդ իսկ պատճառով վտանգ չեն տեսել Րաֆֆու կողմից, բայց հիմնական մարտահրավերն իշխանություններին նետեց հենց Րաֆֆին: Եվ այսօր շարունակում են իներցիայի ուժով իրենց թեթեւամիտ վերաբերմունքը Րաֆֆու նկատմամբ, կարծելով, որ կարող են համոզել, գլուխը յուղել եւ վերադարձնել հրապարակից տուն»,- նկատում է քաղաքագետը՝ հավելելով, որ հանգուցալուծման հնարավորություն իշխանություններն ունեն:



 



Հաշվի առնելով, որ առաջիկայում քաղաքապետի ընտրություններ են, եւ իրենք պարտավոր են գոնե այս անգամ ձեռնպահ մնալ կեղծարարությունից եւ ընտրակաշառքի դիմելուց, որի արդյունքում կհաղթահարվի հետընտրական ճգնաժամային վիճակը: «Քաղաքը ղեկավարելն ընտրությունների արդյունքում, այլ ոչ թե իշխանությունների բարեհաճությամբ Երեւանը ղեկավարելը միանգամայն պատվաբեր  եւ խոստումնալից տարբերակ է մի կուսակցության համար, որը վարչական ռեսուրս երբեք չի ունեցել»,- ասում է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ սա հենց Սերժ Սարգսյանի ակնարկած Րաֆֆու երկրորդ տարբերակն է: Ի դեպ, Սերժ Սարգսյանը, այսօրվա շարժումը համեմատելով 2008-ի շարժման հետ, նկատել էր, որ ընդամենը 3 հազար մարդ է դուրս գալիս հրապարակ, եւ պետք չէ դա շահարկել: Արդյո՞ք մարդաշատությունը շարժման չափորոշիչ է: «Իհարկե ոչ,- հակադարձում է Հովհաննիսյանը՝ հավելելով:- Պետք է հաշվի առնել այն, որ Րաֆֆին մշտապես գտնվում է հրապարակում»:



 



«Արիստոտելն ասում էր՝ մեկն արժե 10 հազար, եթե դա սկզբունքային մարդ է եւ պատրաստ է պայքարել մինչեւ վերջ: Րաֆֆու պատրաստակամությունը եւ մշտական ներկայությունն օրուգիշեր այդ նստարանի վրա արժի 10 կամ 100 հազար մարդու ներկայություն: Բացի դրանից, յուրաքանչյուր օր հրապարակ են մտնում մարդիկ ՀՀ տարբեր շրջաններից եւ հեռավոր գյուղերից, եւ մինչեւ ապրիլի 8-ը, համոզված եղեք, Երեւան քաղաքի յուրաքանչյուր քաղաքացի գոնե 1-2 անգամ մտած-դուրս եկած կլինի հրապարակ: Դա արդեն 10 եւ 100 հազարավոր մարդկանց առկայության մասին է խոսում, կարեւոր է, որ այնտեղ մշտապես մարդ կա»,- բացատրում է նա: Երջանիկ Աբգարյանն էլ լրացնում է. «Եթե այն ժամանակ Տեր-Պետրոսյանի անձը որոշակի ազդեցություն ուներ, ապա այս դեպքում ավելի քիչ են Րաֆֆու կողմնակիցները, քան նրանք, ովքեր ընդհանրապես դժգոհ են իշխանություններից»: