Էս մահափորձից այդպես էլ բան չհասկացանք

Էս մահափորձից այդպես էլ բան չհասկացանք
Պարույր Հայրիկյանի դեմ այս տարվա հունվարի 31-ին տեղի ունեցած մահափորձի շուրջ խոսակցություններն աստիճանաբար աշխուժանում են, ինչը մի քանի պատճառ կարող է ունենալ:



 



Կամ, չնայած արդեն առկա ձերբակալություններին, հասունանում է նոր վերսիա, կամ խնդիր է դրվել ապրիլի 9-ին ընդառաջ հնարավորինս հետին պլան մղել Ազատության հրապարակի աղմուկը, եւ կամ փորձ է արվում ստեղծել «մահափորձի իսկական պատվիրատուի» զուտ «աշխատատեղ», որտեղ կարող է հայտնվել համեմատաբար ազդեցիկ յուրաքանչյուր մարդ, ով չի տեղավորվի իշխանությունների հետագա ծրագրերում:



 



Նախ հետաքրքիր մի հանգամանք. Պարույր Հայրիկյանը, թվում է ոչ առանց լուրջ պատճառների, խոսում է իր վրա կրակողների սլավոնական արտաքինի մասին, իսկ շատ չանցած՝ պարզվում է, որ Պարույր Հայրիկյանի փաստաբանը «ԼԵՎ գրուպ»-ի ղեկավար Լեւոն Բաղդասարյանն է: Սա տարօրինակ է այնքանով, որ այս փաստաբանական կանտորան հայտնի է հատկապես ռուսական հստակ կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչների իրավունքների պաշտպանությամբ: Ուստի հարց է առաջանում՝ Պարույր Հայրիկյանն ի՞նքն է ցանկություն հայտնել, որ իր շահերը պաշտպանի Լեւոն Բաղդասարյանը, թե՞ ՀՀ իշխանությունների հատուկ հոգատարության արդյունքում է պարոն Բաղդասարյանը դարձել Հայրիկյանի փաստաբանը: Լավ կլիներ այս հարցին հենց Հայրիկյանը պատասխաներ, բայց նա, չգիտես ինչու, հայկական հողուջրում ոչ մի կերպ չի ապաքինվում եւ բուժումը շարունակում է արտասահմանում:



 



Եվ ահա, օրերս, ԱԻՄ նախագահի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը ներկայացնում է մի հրատապ հայտարարություն: «Չցանկանալով կասկածի տակ առնել նախաքննության մարմնի պրոֆեսիոնալիզմն ու օպերատիվությունը,  ավելին՝ արժանագույնս գնահատելով դեպքից անմիջապես հետո Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համատեղ միջոցառումները, Պարույր Հայրիկյանը գտնում է, որ այս քրեական գործով կալանավորված անձինք ընդամենը այդ հրեշավոր հանցագործության փոքրագույն մասնիկն են: Հաշվի առնելով հանցագործության բնույթն ու հասարակական հնչեղությունը, հրապարակայնորեն պետական լիազոր մարմնից պահանջում է ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին, որի հանձնարարությամբ հունվարի 31-ին քաղաքական գործչի նկատմամբ տեղի ունեցավ հանցագործություն՝ մահափորձ, որն ավարտին չհասցվեց ոչ իրենց կամքով»:



 



Եվ դարձյալ տարօրինակ է: Ինչո՞ւ հանկարծ իր ապաքինման խնդիրներով այդքան զբաղված Հայրիկյանը որոշեց արտասահմանից հրապարակայնորեն շտապեցնել պետական լիազոր մարմնին՝ ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին, որովհետեւ ինքը գտնում է, որ ձերբակալվածները «հանցագործության փոքրագույն մասնիկներ են»: Ինչո՞ւ հանկարծ այդպես: Մի՞թե դեռեւս Երեւանում Պարույր Հայրիկյանը, լսելով Վարդան Սեդրակյանի կալանավորման լուրը, լրագրողին չասաց՝ իմ սպանությունը կարող էր կազմակերպած լինել ով ասես, նույնիսկ դուք: Ի՞նչ պատահեց: Կա՞ն արդեն արդյունքներ, Հայրիկյանը տեղյա՞կ է դրանցից, որ Սեդրակյանին համարում է փոքրիկ մասնիկ այս գործում:



 



Չի բացառվում, իհարկե, որ պետական լիազոր մարմինը որոշակի առաջընթաց է արձանագրել կամ ի վերջո հասկացել է, որ նախագահի թեկնածուն կաֆելչիկով, տաքսու վարորդով-բանով «խաչակրաց» մահափորձ չէր կարող ծրագրել ու իրականացնել: Բայց մի՞թե նման կարեւորության (պետականության դեմ) մահափորձ կազմակերպող մեծ ձուկն էլ այնքան միամիտ է, որ իր հետեւից այսքան պոչեր է թողել՝ կաֆելչիկի, տաքսու վարորդի եւ էպոսագետի տեսքով: Սա խոսում է այն մասին, որ այս գործի հետեւում կամ իսկապես լուրջ մարդ չկա, կամ եթե կա, ապա այնպիսի մեկն է, որին, գուցե, Հայաստանի իշխանությունների ձեռքերը չեն էլ հասնի:



 



Ի դեպ, Հայրիկյանի հանկարծահաս շտապեցումը, կարծես, անակնկալի է բերել նրա փաստաբանին: Այս կապակցությամբ վերջինիս հայտարարությունները նոր հարցեր են առաջացնում: Ըստ նրա՝ ինքն ու իր պաշտպանյալը վստահում են նախաքննական մարմնին, նրա պրոֆեսիոնալիզմին, ավելին, երախտապարտ են այդ մարմնին՝ օպերատիվ աշխատանքի համար, բայց… զուգահեռ էլ պահանջում են ավելի արագ շարժվել: Տարօրինակ չէ՞: «Հայրիկյանը կալանավորված անձանց չի ճանաչել… այո, մենք կարծում ենք, որ ցանկանում էին վերացնել քաղաքական գործչին, որի հիմքով էլ ցանկանում ենք, որ տեղի ունենա օբյեկտիվ նախաքննություն»,- ասել է փաստաբանը, միեւնույն ժամանակ բացառելով իրենց կողմից որեւէ կասկած, որ նախաքննությունն օբյեկտիվ չէ:



 



«Առավոտի» կայքում կարդում ենք. «ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր վստահեցրեց, որ պարոն Հայրիկյանը չի պնդել, թե իր դեմ ուղղված մահափորձի պատվիրատուն ռուսական ուժերն են: «Իմ եղած տեղեկատվությամբ, պարոն Հայրիկյանը նման բան չի պնդել, բայց տարբերակների թվում եղել են որոշակի ուժեր, որոնց նպատակն էր խարխլել, ըստ պարոն Հայրիկյանի, երկրի անվտանգությունը եւ ֆիզիկապես հաշվեհարդար տեսնել վերջինիս նկատմամբ»: Ինչպես տեսնում ենք, հարգելի փաստաբանը նախ՝ «տապոռով», բայց շատ նուրբ, լրացուցիչ անգամ ջանում է քողարկել Հայրիկյանի մատնանշած «ռուսական հետքը» եւ ապա մեջտեղ է բերում այն «էլեկտրական աթոռը», որի վրա կարող են հայտնվել որոշակի ուժեր: Այս դեպքում կարելի է ասել՝ դրանք կարող են լինել այն ուժերը կամ մարդիկ, ովքեր դժբախտություն կունենան ոչ ճիշտ ժամին հայտնվել ոչ ճիշտ տեղում:



 



Եվ մի վերջին հարց՝ Հայաստանի իշխանություններն, առհասարակ, ի վիճակի՞ են որեւէ օտար ուժի կամ օտար քաղաքացու նստեցնել էլեկտրական աթոռի: Մեզ թվում է՝ ոչ: Այդ իսկ պատճառով էլ միանշանակ է, որ այդ աթոռը նախապատրաստվում է հայաստանյան որեւէ ուժի կամ հայաստանցու համար: Ահա եւ հետաքրքիր է՝ ինչո՞ւ են նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն ու նրա փաստաբանը ցանկություն հայտնում, որ դա արվի համ ողջամիտ ժամկետում (գուցե մինչեւ ապրիլի 9-ը), համ օբյեկտիվորեն, համ էլ, ենթագիտակցորեն իհարկե, որ թափուր մնացած աթոռին անպայման նստի մեծ ձուկ եւ անպայման լինի հայ:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ