Սիրուց՝ ատելություն

Սիրուց՝ ատելություն
Երեկ հայ հանրությունը վրդովված էր Պարույր Հայրիկյանին 20 միլիոն դրամ տրամադրելու կառավարության որոշումից: Ընդհանրապես, կան իրադարձություններ, որոնք առաջին հայացքից մանր ու անկարեւոր են թվում, բայց միանգամից կպչում են ժողովրդի նյարդին ու վրդովմունքի ալիք առաջացնում:



 



Հավանաբար հիշում եք «Տաշիր» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ բնակարաններ նվիրեցին որոշ երգիչ-երգչուհիների: Ինչ աղմուկ բարձրացավ, ինչքան կրքեր բորբոքվեցին: Իսկ թվում էր, թե կազմակերպիչները լավ բան են մտածել՝ որոշել են աջակցել մեր արվեստագետներին, գնահատել նրանց վաստակը: Ի վերջո, արվեստի մարդիկ պետք է չքավորության մեջ չապրեն եւ աչքները չգցեն սրա-նրա նետած գրոշներին: Երեկ էլ հանրությունը վիրավորված էր Պարույր Հայրիկյանին տրամադրված գումարի չափից: Այն հանրությունը, որը մահափորձի օրը ոտքի էր ելել, շրջափակել հիվանդանոցը, պահանջում էր գտնել ու պատժել մեղավորներին: Կոչ էր անում ձայնը տալ Պարույր Հայրիկյանին: Կարեկցանքի ու սրտացավության ակցիաներ էր կազմակերպում, հանկարծ դարձավ դաժան ու անհանդուրժող:



 



Ինչ ասես չգրեցին ու չասացին երեկ այդ 20 միլիոնի կապակցությամբ՝ էլ ամոթանք տվեցին գումարը ստացողին, էլ հաշվեցին նրա եկամուտները ու հայտարարեցին, որ դա վերցրել է Սահմանադրական դատարան չդիմելու դիմաց, էլ կոչ արեցին բարեգործություն անել այդ գումարով, էլ հիշեցին հաշմանդամ ու ծանր հիվանդ մարդկանց, զոհվածների ու բազմանդամ ընտանիքներին: Մի խոսքով՝ բոլորն ատում էին Հայրիկյանին ու նզովում կառավարությանը ժողովրդի փողերը քամուն տալու, մութ գործարքներ կնքելու համար: Գուցե բոլորն իրավացի էին, ու ասվածն էլ հիմնավոր էր, բայց լուն ուղտ դարձնելու, ամեն ինչ ծայրահեղացնելու մեր ազգային հատկության դոզան կարծես մի քիչ շատ էր: