«Դիլիջանի միջազգային դպրոցին» հարկային եւ մաքսային արտոնություններ կտան

«Դիլիջանի միջազգային դպրոցին» հարկային եւ մաքսային արտոնություններ կտան
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագծին:



 



Նախագիծը դեռ չի ներկայացվել ՀՀ ԱԺ: Հավանության արժանացած փաստաթղթի համաձայն, « Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել եւ շահագործել միջազգային ստան­դարտ­նե­րին համապատասխան դպրոց: Ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն. ԱՄՆ դոլար, որից 150 մլն. ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել դպրոցի շենքի կառուց­­ման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման ուղղությամբ, իսկ շուրջ 400 մլն. ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման ուղղությամբ: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներդրվել է 20 մլն. ԱՄՆ դոլար: Բացի նախաձեռնող խմբից, ռազմավարական նշանակություն եւ ոչ առեւտրային բնույթ ունեցող այս ծրագրին իրենց օժանդակությունն են ցուցաբերում նաեւ մի շարք անհատներ: Դպրոցի շահագործման հետ կապված գործառնական ծախսերը, որոնք տարեկան կտրվածքով կազմում են շուրջ 20 մլն. ԱՄՆ դոլար, հիմնականում կատարվելու են Հայաստանի Հանրապետությունում եւ հատ­կապես` Դիլիջան քաղաքում:



 



Ներ­­­կա­­­յումս գործող օրենսդրությամբ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի մասով վճարում են օրենքով սահմանված հարկերը եւ մաքսային վճար­ները: Հարկային եւ մաքսային արտո­նու­թյուն­ների բացա­կա­յությունը հնարավորություն չի տալիս, որպեսզի ծրագրի իրականացման համար նախա­տես­ված` նվիրաբերություններից գոյացած միջոց­­­­ները ամբողջությամբ ծախսվեն ծրագրի իրա­կանացման համար»:



 



ՀՀ կառավարությունն առաջարկում է հետեւյալ արտոնությունները՝ «կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելաց­ված արժեքի հարկից եւ մաքսատուրքից, կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանք­ների մատա­կարարումը եւ ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մաս­նակի հատուց­մամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից, ազմակերպությունների զուտ շահույթը մինչեւ հարկումը (կամ դրա մի մասը) ազատ­վում է շահու­­թա­հարկով հարկումից, եթե այն (կամ դրա մի մասը) մինչեւ հաշվետու տար­վան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջա­նակ­նե­րում, կազմակերպությունների կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճար­վող` գոր­ծող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտ­ներն ազատ­վում են ոչ ռեզիդենտի շահութահարկից, կազմակերպությունների կողմից ֆիզի­­կական անձանցից հողի ձեռքբերման համար վճարվող եկամուտներն ազատվում եկամտային հարկով հարկումից»:



 



Ոչ մի նախարարություն առարկություն չունի: Արդարադատության նախարարությունը գրել է, որ կոռուպցիոն ռիսկեր չկան: