Փառատոնն ամփոփվեց

Փառատոնն ամփոփվեց
Հունիսի 9-ին ՆՓԱԿ-ում ամփոփվեցին «Մէկ կադր 2013» 11-րդ միջազգային կինոփառատոնի արդյունքները: Մեկ շաբաթ ՆՓԱԿ-ի կինոսրահում ցուցադրվեցին արտասահմանյան եւ հայկական բազմաթիվ ֆիլմեր:



 



«Մէկ կադր մէկ րոպե» անվանակարգում մրցանակ տրվեց Պատրիկ Մոսերի «Լքելով քաղաքը» ֆիլմին: Ժյուրիի հատուկ հիշատակումներին արժանացան Արթուր Շարոյանի «Հայաստան  աշխարհում», Դանիել Իոաննիսյանի «Լրիվ դու ոնց որ խառնում ես սաղ», Լուսարմի «Կյանք», Դմիտրի Բոնդարչուկի «Գրկում» ֆիլմերը: «Կարճ ֆիլմ» անվանակարգում «Լավագույն հայկական կարճ ֆիլմ» մրցանակին արժանացավ Վարդան Դանիելյանի «Կարճ հաղորդագրություն» ֆիլմը: «Լավագույն  միջազգային ֆիլմ» մրցանակին արժանացավ իսպանացի Դավիդ Մունյոսիի «Նդուգուի մասին» ֆիլմը: Ժյուրիի հատուկ հիշատակումներին արժանացան Արտեմ Վոլոչկովի «Հրդեհը», Բարտոշ Կրուհլիկի «Անհետացումը»: «Կինո՝ առանց սահմանի» անվանակարգում մրցանակ ստացավ Դավիթ Ստեփանյանը՝ «Սիրուն աղջիկ, խի ես էկել՝ իմ գործս ուզում ես դու անես» ֆիլմով: «Մասնակից հեղինակների մրցանակ, հեղինակների ձայն» անվանակարգում Վարդան Դանիելյանի «Կարճ հաղորդագրությունը» ճանաչվեց լավագույնը: Նաեւ հատուկ շնորհակալագիր տրվեց Նաիրա Մուրադյանին` «Արվեստագետի քաղաքացիությունը հաստատելու համար»: Մրցանակակիրներն ստացան փառատոնի խորհրդանիշ հանդիսացող արձանիկ եւ դիպլոմ:



 



Այսպիսով, ՆՓԱԿ-ում ավարտվեց մեկշաբաթյա փառատոնը, որով կինոյի սիրահարները կարողացան քիչ թե շատ ծանոթանալ հայկական եւ միջազգային ֆիլմերում առկա խնդիրներին, գաղափարներին եւ ոճերին: Այս փառատոնը, որ կազմակերպվում է մեծ նվիրվածության ու ջանքերի գնով, ցավոք, մի տեսակ ստվերում է մնում. եւ հեռուստաընկերությունների, եւ լրատվամիջոցների աչքից կարծես վրիպում է կամ էլ չի կարեւորվում: Հեղինակային կինոյով հետաքրքրվողների   թիվը տարիներով չի ավելանում, ընդհակառակը՝ անկման միտումներ են նկատվում: Գագիկ Ղազարէի խոսքերով, սա մասնավորապես կապված է մեր երկրում ստեղծված սոցիալ-քաղաքական վիճակի հետ: Նա նշեց, որ 2013-ը ծանր տարի է. ընտրությունները, սոցիալական անհավասարությունը, բազմապիսի այլ խնդիրներ հոգեբանորեն բացասական ներգործություն ունեն մարդկանց վրա, եւ ոգեւորվածության պակասն ու հոգնածությունը նկատելի են:



 



Մեկ շաբաթ, ամեն օր ՆՓԱԿ-ի կինոսրահում հանդիսատեսի ներկայությունը նույնն էր: Նույն մարդիկ էին, որոնք ամեն տարի գալիս են ծանոթանալու հեղինակային նոր ֆիլմերին: Շրջանակը չի ընդլայնվում:  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փառատոնի հետ կապված ակտիվությունն ավելի շատ է, որն այդպես էլ  մնում է  բանտարկված ՖԲ-ի տարածքում ու  կյանքի չի կոչվում: 11 տարի է, ինչ փառատոնը գործում է, բայց նրա գոյության մասին միայն նեղ շրջանակներում գիտեն: Անհատական ջանքերով, նաեւ երիտասարդ կամավորների օգնությամբ ամեն տարի ՆՓԱԿ-ը հնարավորություն է ընձեռում այլընտրանքային ֆիլմի,  հայ երիտասարդ ռեժիսորներին իրենց առաջին խոսքը տեղ հասցնելու, իսկ պետության գլխավոր հեռուստաալիքները լռում են փառատոնի գոյության մասին` իրենց ուշադրությունը բեւեռելով ռեյտինգ ապահովող շոուների ու ֆանտաստիկ երեւակայությամբ լեցուն դատարկաբանությունների վրա, որտեղ ֆիլմի հերոսներն իշխանության քիմքը խուտուտ տվող թեր- զարգացած կապիկներ են: