Թանկացումներին սպասելիս

Թանկացումներին սպասելիս
Քաղաքագետներից մեկը, արձագանքելով մեր մի հրապարակմանը, մի առիթով ասաց. «Սոցիալական բունտ Հայաստանում չի կարող լինել՝ մեր ժողովուրդը սոցիալական հողի վրա երբեք փողոց դուրս չի եկել եւ չի գա»: Թերեւս կարելի է համաձայնել այս մտքի հետ՝ հայ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, հայ ժողովուրդն ուղիղ օդանավակայան կամ ավտոկայան է գնում: Հայ մարդն իր բողոքն արտահայտում է երկրից հեռանալով:



 



Եվ եթե անցյալում հեռանում էին որակյալ մասնագետները, հասարակության սոցիալապես ապահով հատվածը, որը Հայաստանում մասնագիտական աճի, կարիերա անելու հնարավորություն չէր տեսնում, դժգոհ էր արդարության եւ հոգեւոր կյանքի մակարդակից, չէր տեղավորվում հայաստանյան իրականության շրջանակներում, ապա հիմա գաղթողների սոցիալական կազմը փոխվել է. գնում է ամենաչքավոր մասը: Համենայնդեպս, Վրաստանի սահմանն անցնողների մեծ մասը հենց այդ խավից են, որոնք գնում են բառացիորեն հաց վաստակելու: Գնում են եղեռնից մազապուրծ ամբոխի նման՝ բոխչաներով ու աման-չամանով, ավտոբուսների հատակին կուչ եկած: Ինչպե՞ս է անդրադառնալու հուլիսի 7-ից վրա հասած գազի եւ դրան հաջորդած այլ թանկացումների ալիքը միգրացիայի վրա: Ինչպե՞ս են արձագանքելու տարրական ծառայությունների ու ապրանքների թանկացմանը մեր ժողովրդի աղքատության շեմից այն կողմ ապրողները: Չէ՞ որ այդ թանկացումները դեռ նոր-նոր են թափ հավաքում:



 



Եվ եթե գազի գնի բարձրացման հենց հաջորդ օրը թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները, եթե արդեն խոսում են տրանսպորտի թանկացման մասին, ապա ակնհայտ է, որ ձմռանը մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու: Ինչ է մտածում այս մասին մեր իշխանությունը՝ պարզ չէ: Համենայնդեպս, մտածելու-մտահոգվելու-լուծումներ գտնելու ուղղությամբ որեւէ քայլ նկատելի չէ: