Ձայն բազմաց

Ձայն բազմաց
Երբեմն ափսոսում եմ, որ չեմ կարող որոշ մասնավոր զրույցներ ներկայացնել ընթերցողին՝ պարզապես ձայնագրել շարքային քաղաքացիների, բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների ասածները եւ տառ առ տառ տպագրել թերթում:



 



Դրանք ցույց կտային, որ մեր երկրում ապրողների մտահոգությունները շատ նման են իրար՝ լինեն սոցիալապես խիստ «ապահովված», թե խիստ անապահով խավերից, գրագետ, թե անգրագետ, տարեց, թե երիտասարդ: Ասենք, մեր հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները զարմանալիորեն համակարծիք են Սյունիքի դեպքերի հետ կապված: Բոլորը միաբերան ասում են՝ այդ մարզպետին պետք է վաղուց ազատեին աշխատանքից, չափն անցել էր: Չէր կարելի թողնել, որ նա մարզը վերածի ֆեոդալական կալվածքի եւ տնօրինի որպես սեփականություն: Կամ՝ գրեթե բոլորը դատապարտում են Հովիկ Աբրահամյանին՝ եղբոր կողմից դոտացված դիզվառելիքի ստացման հետ կապված: Մի բավական ազդեցիկ անձ այդ վերաբերմունքը ձեւակերպեց այսպես. «Լավ, էդքան ուտում են՝ կշտանալ չկա՞: Դիզվառելիքն ի՞նչ է՝ փող չունե՞ն, որ ժողովրդին ուղղված օգնությունից են վերցնում: Ամոթ է, էլի»: Վերահսկիչ պալատի շուրջ բարձրացած աղմուկի առումով էլ հետաքրքիր դիտարկումներ են անում մարդիկ:



 



Ասենք՝ զարմանալի է, բայց շարքային քաղաքացիները բավական լավ հասկացել են Իշխան Զաքարյանի ելույթների իմաստը. մի տարեց կենսաթոշակառու զարմացած ասում էր. «Բայց Իշխանը չի ասել՝ 700 միլիարդը կերել են, ասել է՝ ռիսկային է, այսինքն, պաշտպանված չէ՝ կարող են ուտել, որովհետեւ լավ չի հսկվում»: Ահա ժողովրդական իմաստնությունը՝ ըմբռնում է այն, ինչը, թվում է՝ բարդ է եւ իշխանական խոհանոցին անծանոթ մարդուն ոչ հասու: Իրականում հասարակությունը լավ էլ հասկանում է ամեն ինչ եւ բավական առողջ վերաբերմունք ունի ամեն ինչի նկատմամբ: