Գնում են ու գալիս

Գնում են ու գալիս
Երեկ տեղեկացանք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնում է Իսպանիա: Բոլորին հայտնի են նրա վաղեմի կապերն այդ եվրոպական երկրի հետ: Տարիներ շարունակ, ասում են, մի ոտքը Իսպանիայում էր, մեկը՝ Հայաստանում, քանի որ ընտանիքը հիմնականում այնտեղ էր ապրում: Չար լեզուներն ասում են՝ զավակներն Իսպանիայի քաղաքացիներ են, այնտեղ ունեցվածք ունի, կապեր, եւ եթե այստեղ գործերը վատանան, կրկին կմեկնի, այս անգամ՝ գուցե ընդմիշտ: Մի պետություն, որի վարչապետի աչքը, այսպես ասած, «դուրս է»: Որի քաղաքապետն ազատվում է աշխատանքից այլ երկրում բարձր վարձատրվող աշխատանք ստանալու պատճառով: Որի ընտրյալ գյուղապետը հրաժարական է տալիս ու մեկնում ռուսական խոպան: Որի մտավորականն ու ինժեները, բժիշկն ու ուսուցիչը երազում են արտագաղթելու մասին... նման երկրին ոչ մի լավ բան չի կարող սպասվել: Եվ այս ֆոնին միայն ուրախանալ կարելի է, որ ոմանք նաեւ վերադառնում են հայրենիք: Օրերս Հայաստան վերադարձած դերասանուհին՝ Թամար Հովհաննիսյանը, ի տարբերություն բարձրաստիճան իշխանավորների, որոշել է վերահաստատվել Հայաստանում: Ապրել է ԱՄՆ-ում, ճաշակել այդ «երանելի» կյանքը եւ հստակ ու աներեր որոշում է կայացրել վերադառնալ հայրենիք: Դրսում ապրելը հեշտ չէ, եւ նրանք, ովքեր ձեզ ներկայացնում են արտերկրի իրենց «քաղցր» կյանքը, առնվազն ստում են կամ խեղաթյուրում իրականությունը: Մարդը չի կարող հայրենիքից դուրս իրեն լիարժեք զգալ՝ ինչքան ուզում է լեզվական, ֆինանսական, կենցաղային, հոգեւոր, աշխատանքային խնդիրներ չունենա, եւ ինչքան ուզում է այդ օտար հանրույթը հարազատի պես իր գիրկն առնի նրան: Հակառակը՝ վստահ եմ, որ մեկնողների մեծ մասն ամոթից, ձախողակ չերեւալու ցանկությունից թաքցնում է իր արտերկրյա կյանքի իրական պատկերը, ձեւացնում, թե ամեն ինչ «օքեյ» է: