Արձակուրդ

Արձակուրդ
Սիրելի ընթերցող, «Հրապարակը» մի ամբողջ տարի անտրտունջ աշխատել է քեզ համար, փորձել օգտակար լինել՝ պաշտոնական տեսակետից տարբերվող կարծիքներ, պետական մեքենայի կողմից թաքցվող տեղեկություններ հաղորդելով քեզ: Փորձել է օգնել հուզող հարցերի լուծման մեջ: Փորձել է ապահովել քո ընտրած իշխանության թափանցիկությունը: Ամեն ինչ արել է, որ դու կողմնորոշված լինես ընտրություններում եւ լավատեղյակ՝ նախընտրական ու հետընտրական ժամանակաշրջանում: Մեզ համար չեն եղել անձեռնմխելի հեղինակություններ, եւ մենք փորձել ենք, որքան հնարավոր է, զերծ մնալ սուբյեկտիվիզմից ու կանխակալ վերաբերմունքից: Տարին բարդ էր ոչ միայն Հայաստանի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերների առումով, այլեւ ընտրական էր ու հակասություններով լի: Մենք ձեզ հետ միասին հաղթահարել ենք հայաստանյան կյանքի բազում դժվարությունները, ամեն օր փոքրիկ հաղթանակներ ենք տարել եւ պարտություններ արձանագրել, սխալվել ենք, բայց ավելի հաճախ դիպուկ ու ճշգրիտ ենք եղել: Մեր փոքրիկ խմբագրակազմը, որ աշխատել է գրեթե առանց տոների ու հանգստյան օրերի՝ չխնայելով իր ուժերը, հիմնավորապես հոգնել է: Դրան գումարած՝ նաեւ մեր Hraparak.am կայքն այժմ վերազինման ընթացքում է: Ուստի հիմա ամենահարմար պահն է փոքր-ինչ շունչ քաշելու եւ առաջիկա երկարատեւ աշխատանքային գործընթացին պատրաստվելու համար: Մենք այսօր հրաժեշտ ենք տալիս ձեզ եւ կարճատեւ արձակուրդ ենք գնում՝ մինչեւ հուլիսի 23-ը: 10 օրը բավական կլինի մեր ուժերը վերականգնելու եւ կայքի հետ կապված աշխատանքներն ավարտելու համար: Ընդամենը 6 օր անց՝ հուլիսի 23-ին, մենք կրկին կհանդիպենք: «Հրապարակը» դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Հուսանք՝ այդ ճանապարհն անցնելու ենք միասին՝ միմյանց հետ եւ միմյանց համար: