Ինչպես ուռին ու բարդին

Ինչպես ուռին ու բարդին
Զարմանալի երկիր ենք, զարմանալի ժողովուրդ: Մինչ հասարակությունը՝ տագնապած, թանկացումների հաշվարկ է անում եւ գնաճի ալիքը կանխելու հուսահատ ճիգեր ձեռնարկում, երկրիս իշխանությունները ոչ միայն տագնապի նշան չեն ցուցաբերում՝ նրանք գների անզուսպ եւ չպատճառաբանված աճ են նախաձեռնում, այլեւ հանգիստ խղճով մեկնում են «վաստակած» հանգստի: Թերեւս վստահ են, որ մինչեւ իրենց վերադարձը Վովան ամեն ինչ կկարգավորի. մի քանի տեղում փողոց ելած ակտիվիստներին «կդագանակահարեն», մի երկուսին կտանեն ոստիկանություն, եւ ամեն ինչ «օքեյ» կլինի: Իսկ եթե սա էլ չբավարարի, գործի կդրվեն ճնշումների տրադիցիոն մեթոդները. ակտիվիստ-կազմակերպիչների մերձավորներին աշխատանքից ազատելու, տարբեր սադրիչների միջոցով շարժումը պառակտելու, հակաշարժումներ նախաձեռնելու, հակաքարոզչություն անելու միջոցով: Նման գործընթացների փորձ մեզանում չափից դուրս շատ է կուտակվել՝ հո անտեղի չի՞ կորչելու: Եվ խնդիրը բոլորովին էլ տրանսպորտի գնի 50 տոկոս աճը չէ, ոչ էլ աշխատավարձ-թոշակների չբարձրացման պայմաններում սոցիալական բեռի մեծացումը: Խնդիրը տնտեսական անհեռանկար քաղաքականությունն է, ներքաղաքական հարցերում իշխանությունների ապաշնորհությունը, ՀՀ քաղաքացու հավատի կորուստը եւ հոգնությունը: Սակայն այս ամենի մեջ կա նաեւ հուսադրող մի բան. հասարակությունն ավելի ու ավելի անհանդուրժող է դառնում իշխանությունների կամայականությունների նկատմամբ, փորձում է դառնալ իրավիճակի տերը եւ իր կամքը թելադրել որոշում կայացնողներին: Երկրորդ դրականն էլ այն է, որ այս պրոցեսում քաղաքական սպեկուլյանտներն ու իշխանության ձգտողները մղվել են ետին պլան՝ ասպարեզում մնացել են նրանք, ովքեր ելել են հասարակության ծոցից եւ առաջնորդվում են նրանց շահերով: