Պայքարը շարունակվում է

Պայքարը շարունակվում է

Տրանսպորտի թանկացումների դեմ պայքարը ձնագնդիի էֆեկտով աճում է՝ պայքարողների շարքերը համալրվում են, եւ դա նաեւ ոգեւորություն է հաղորդում: Համալրվում են նաեւ իրենց մեքենաներով քաղաքացիներին անվճար փոխադրողների շարքերը: Սկսել են միանալ նաեւ  քաղաքական գործիչներ, հատկապես կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչները: Երեկ ակտիվիստներին է ողջունել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց: Ակցիայի որոշ մասնակիցների կարծիքով, քաղաքական գործիչների ներգրավումը կբերի ոչ ցանկալի արդյունքի: Այսինքն՝ կստացվի այնպես, ինչպես միշտ: «Ինքն ավելի լավ ա՝ թող գնա աղոթի, դա իր մոտ լավ ա ստացվում, մեզ հետ գործ չունի: Տեսանք, էլի, ինչ եղավ իրա առաջնորդած շարժումը»,- երեկ մեր թղթակցին ասել է ակտիվիստներից մեկը: Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն էլ կարծում է, որ պատճառը քաղաքական գործիչների խանդն է. «Դրա համար վերջին շրջանում քաղաքացիական շարժումները սահմանում են աշխատանքի հետեւյալ մոդելը` եկեք մասնակցեք, օժանդակեք, բայց շարժումը մի սարքեք ձեր առանձին քաղաքական կուսակցության պլատֆորմ»: Սակայն շարժումը քաղաքականացնելու մասին խոսելը վաղ է՝ այն ապակուսակցական անձանց ձեռքում է: Թեեւ ոմանք նորմալ են վերաբերվում քաղաքական ուժերի ներգրավմանը, ավելին՝ դա համարում են անհրաժեշտություն, բայց մի պայմանով. «Նրանք պետք է հիշեն, որ սա սոցիալական խնդիր է, եւ պայքարի պահանջը չփորձեն փոխել»,- ասել է ակտիվիստներից մեկը: Երեկ, օրվա ավարտին, երիտասարդները հանդիպել են Մաշտոցի պուրակում` քննարկել ու որոշել իրենց հետագա անելիքները, մասնավորապես այսօրվա ակցիաների երթուղին: Ի դեպ, որոշ քաղաքացիներ անգամ մոտեցել եւ գումարներ են փոխանցել նրանց՝ տպագրության եւ այլ ծախսերի համար: