Հաղթանակ եւ պարտություն

Հաղթանակ եւ պարտություն

Ահա նա՝ հաղթանակի էյֆորիան, որ արբեցնում է, սեփական ուժի ու գերազանցության զգացում պարգեւում, ականջին շշնջում՝ ամեն նպատակ հասանելի է, որքան էլ որ սկզբում այն անհաղթահարելի Էվերեստ թվա: Ահա այն պարտությունը, որից պաշտոնյայի սիրտը կծկվում է, սարսափի, տագնապի, աթոռն ու իշխանությունը կորցնելու անորոշ վախ ծնում, ստիպում մտածել անուրախ ապագայի մասին: Երեկ Երեւանում այսպիսի մթնոլորտ էր՝ հաղթանակի ու պարտության զգացումներով համեմված: «50 դրամանոց» հաղթանակը, որ Մաշտոցի պուրակից հետո քաղաքացիական հասարակության երկրորդ հաղթանակն էր, նոր հորիզոններ է բացում մեր երկրում: Այն վկայում է նոր, երիտասարդ, պայքարի ընդունակ սերնդի գոյության մասին: Սերունդ, որն ի վիճակի է համախմբվել, դուրս գալ փողոց, պայքարել իր եւ այլոց իրավունքների համար: Սերունդ, որը վախի, զգուշության, ստրկամտության որակներից զուրկ է, ստեղծագործող միտք ունի եւ մարդկային դեմք: Այս հաղթանակը նաեւ խոսում է այն մասին, որ մեր հասարակության շարժիչ ուժը սկսում է դառնալ հասարակության ապաքաղաքական հատվածը, կուսակցությունները մղվում են ետին պլան՝ զիջելով չվարկաբեկված, իշխանության չձգտող, պղտոր նպատակներ ու նեղ շահեր չունեցող մարդկանց: Այս հաղթանակը նաեւ վկայում է այն մասին, որ իշխանության՝ անառիկ թվացող «ամրոցն» իրականում այնքան էլ անհաղթահարելի չէ՝ մի քիչ համախմբում, մի քիչ ֆանտազիա, մի քիչ համարձակություն, մի քիչ համառություն, եւ այդ «ամրոցը» տեղի կտա: Մի բան պարզ է, որ մեզանում կուտակված հարցերը 50 դրամով չեն սահմանափակվում, եւ քաղաքացիական հասարակությունը պարտավոր է ձեռնամուխ լինել դրանց լուծմանը նույնպես: Ասել կուզի՝ երիտասարդները մեր երկրում դեռ շատ անելիքներ ունեն: Եվ տներով ցրվելը դեռ վաղ է: