Հեղափոխություն ուղեղներում

Հեղափոխություն ուղեղներում

100 դրամանոց հեղափոխությունը, ինչպես որակում են վերջին օրերին ծավալվող իրադարձությունները, դեռ շարունակվում է: Պայքարի զգլխիչ թափը դեռ չի կոտրվել, ոգեշնչում պարգեւող հաղթանակն այնպես է համակել երիտասարդներին, որ նրանք որոշել են պայքարել «մինչեւ վերջ»: Դժվար է բացատրել, թե այդ վերջը որն է՝ քաղաքապետի հրաժարականը, տրանսպորտային ձեռնարկությունների պետականացումը, թե ընդհանրապես երկրում հեղափոխությունը: Ամեն դեպքում, բոլորը համակարծիք են մի բանում, որ այս փոքրիկ հաղթանակը տեղի ունեցավ հիմնականում 20-30 տարեկանների պայքարի շնորհիվ: Այս օրերին ամենուրեք գովեստի խոսքեր են հնչում նրանց հասցեին, բոլորը հիանում են՝ «հրաշալի սերունդ է մեծանում», չնայած օրեր առաջ բոլորը նույն համերաշխությամբ փնթփնթում էին, թե սերունդն անգրագետ է, չի կարդում, չի սովորում, սերիալների ու եվրոպական այլասերող գաղափարների ազդեցության տակ դեգրադացվում է, եւ այլն: Այս հեղափոխությունը, փաստորեն, «հեղափոխություն» արեց նաեւ մեր՝ հայ ժողովրդի, աճող սերնդի մասին պատկերացումներում: Հույս ու հավատ ծնեց մեր երկրի ապագայի նկատմամբ, ցույց տվեց, որ հասարակությունն այնքան պասիվ ու հոգնած չէ, այնքան անտարբեր ու գորշ չէ, ինչպես թվում էր մեզ: Երեկ մի հետաքրքիր դիտարկում էլ աչքովս ընկավ. այս շարժումը նաեւ արտագաղթը կանխելու լավագույն միջոցը կլինի: Հաջողության հասած, իր պայքարի արդյունքները քաղող երիտասարդները չեն կարող գաղթականի ցուպը բռնել: Նրանք անելիքներ ունեն իրենց հայրենիքում եւ գուցե այսուհետ արդեն նաեւ հեռանկար տեսնեն փակուղի մտած, տնտեսական անկում ապրող, քաղաքական ճահճում հայտնված այս երկրում: Ավագների սերունդն էլ գուցե ավելի ազնվանա ու ակտիվանա, հավատա իր ապագային եւ հետեւի իրենից կրտսերների օրինակին:



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ