Մենք ու նրանք

Մենք ու նրանք

Ինչից է, որ մեզանում ցանկացած լավ գաղափար արագ այլասերվում է, իրականացման ժամանակ փչանում ու դառնում վնասակար: Ինչից է, որ ցանկացած շարժում, նախաձեռնություն, որ սկզբում խոստումնալից է ու հեռանկարային, որոշ ժամանակ անց գնում է խոտոր ուղիով, շեղվում իր նախանշած նպատակից, սկսում ծառայել սրա-նրա շահերին ու շունչը փչում: Ինչից է, որ համախոհների համերաշխ ու գաղափարակից խումբը մեկ էլ տեսնում ես պառակտվեց, բզկտվեց մանր-մունր «դուքանների», որտեղ գլխավորը «դուքանչիների» անձն է ու պատեհապաշտական ծրագրերը: Եվ արդյո՞ք սա չէ պատճառը, որ «մեր մեկը երկուս չի դառնում»՝ հասարակությունը չի կարողանում պոկվել զրոյական կետից, պետությունն առաջ չի գնում, տնտեսությունը չի զարգանում: Ինչ-որ բան խանգարում է մեզ՝ հայի ոտքից կախված ծանր քարի նման խոչընդոտում մեր առաջընթացին: Այս օրերին, երբ երիտասարդների մի հրաշալի զանգված ինքնաբուխ շարժում սկսեց եւ հասավ իր նպատակին, մենք՝ մեր աշխատասենյակներում ու բնակարաններում ծվարած մեծերս, զբաղված էինք նրանց թերագնահատելով, քննադատելով ու խանգարելով: Մեզնից ոմանք ասում էին, որ այդ շարժումը կառավարվում է Բաղրամյան 26-ից, եվրոպաներից, Ռուսաստանից, Տարոն Մարգարյանի թշնամիներից, Սերժ Սարգսյանի ընդդիմությունից: Մյուսներն ասում էին, որ, միեւնույն է՝ որեւէ արդյունքի չեն հասնելու, ամեն ինչ անիմաստ է, այս երկրում փողոցային պայքարը երբեւէ արդյունք չի տվել: Երրորդները գլուխները կախ 150 դրամ էին վճարում եւ արդարանում, որ իրենք օրինապաշտ են ու չեն կարող չենթարկվել սահմանված կարգին: Չորրորդներն ասում էին. «Վարորդներն ի՞նչ մեղավոր են», հինգերորդները, թե՝ «տրանսպորտը վնասով է աշխատում», եւ միայն երիտասարդների խումբն էր, որ հավատում էր իր պայքարին ու ուժերին:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ