PR-ը կարեւոր գործ է

PR-ը կարեւոր գործ է

Երեւանի քաղաքապետարանը որոշել է արագ տեմպերով վերականգնել իր կորսված հեղինակությունը. օրական մի քանի հաղորդագրություն է ստացվում քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, որոնք պատմում են, թե ինչ ջերմեռանդ է աշխատում Տարոն Մարգարյանը: Ինչպես է շրջագայում թաղերով, ինչ նոր բակեր ու ծաղկանոցներ է բացում, ինչպես է մաքրում ու լվանում մայրաքաղաքը, շքապատշգամբներ նորոգում, անվճար բուժօգնություն կազմակերպում, օգոստոսի 1-ին երեխաներին անվճար հրավիրում գազանանոց, 8 հազար 700 կտոր գիրք բաշխում Երեւանի գրադարաններին ու դպրոցներին: Եվ ամենակարեւորը՝ տրանսպորտային երթուղիների մրցույթ է հայտարարում, կարծես ասելով՝ քննադատում եք, դե եկեք՝ վերցրեք գծերը, ինքներդ աշխատեցրեք: Անշուշտ, այս ամենի 80 տոկոսը թատրոն է, եւ դրա տակ ոչ իրական աշխատանք է թաքնված, ոչ էլ դրա արդյունքում Երեւանում իրավիճակն է փոխվելու: Բայց մի լավ բան կա այս ամենում. չինովնիկն ու նրա ղեկավարած հիմնարկն անհանգստացած են իրենց վարկով, փորձում են բարձրացնել այն, շահել մայրաքաղաքի բնակիչների համակրանքը, ապացուցել, որ իրենք այնքան վատը չեն, ինչքան վերջին դեպքերի արդյունքում կարծում է հասարակությունը: Իսկ սա նշանակում է, որ մեզանում նույնպես սկսել են կարեւորել հասարակական կարծիքը: Սկսել են անհանգստանալ իրենց վարկանիշի անկմամբ եւ ջանքեր թափել այն բարձրացնելու ուղղությամբ: Եվ սա դեմոկրատական հասարակությունների կենսագործունեության, իշխանություն-հասարակություն կապի միակ եղանակն է: Ինչպես անել, որ այս սաղմնավորվող գործընթացները մեզանում ամրանան: Միակ ուղին, որը մարդկությունը հայտնագործել է մինչ օրս՝ իշխանությունների ընտրովիությունն է, նրա հաշվետվողականությունը հանրությանը, կախվածությունը հասարակական կարծիքի տատանումներից:



 ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ