Ով էնպես սուտ ասի...

Ով էնպես սուտ ասի...

Երբ իշխանությունը սկսում է ստել, եւ այդ ստերն այնքան ակնհայտ են, որ դրանց անգամ ամենավերջին լեռնային գյուղում ապրող ու միայն Հ1 նայող գյուղացին չի հավատում, կնշանակի իշխանության բանը բուրդ է: Կամ էլ՝ ամենաանհավատալի սուտ ասողին Սերժ Սարգսյանը խոստացել է իր իշխանության կեսը տալ: Օրեր առաջ մի հսկայական ռեպորտաժով իշխանական հեռուստաընկերություններից մեկը փորձում էր համոզել, որ Հայաստանում 3 միլիոնից ավելի մարդ է ապրում: Այդ ստերը լսելուց հետո քիչ է մնում, Անահիտ Բախշյանի սկզբունքով, գլուխ առ գլուխ հաշվես երկրում մնացածներին: Սուտ խոսելու գործում, անշուշտ, բոլոր պետական կառույցներն ու գերատեսչություններն են հմտացել, բայց մի գերատեսչություն վերջերս գերազանցել է բոլորին: Խոսքը գյուղնախարարության մասին է: Դժվար է հավատալ այս գերատեսչության հրապարակած տվյալներին Հայաստանում մշակվող հողատարածքների, անասնագլխաքանակի, արտահանվող գյուղմթերքների հսկայական, գրեթե ֆանտաստիկ աճի հետ կապված, երբ գյուղերում տների մեծ մասը փակ է, իսկ տնամերձները՝ չորացած ու անխնամ: Եթե մարդն իր տնամերձը չի մշակում, չեն կարող դաշտերն ու արտերը մշակված լինել: Երբ մարդիկ գյուղերով են արտագաղթում, իսկ ծիրանը ջրի գնով վաճառում տեղական շուկայում, չի կարող տոննաներով միրգ արտահանվել արտերկիր: Երբ մսի գինը շուկայում աճում է, չի կարող անասունների գլխաքանակը կրկնապատկվել: Դա հակասում է տնտեսագիտության, շուկայի կանոններին: Դրանից ստի, կեղծիքի, մարդկանց աչքին թոզ փչելու հոտ է գալիս: Չգիտեմ, թե այս թվերը կրակելու հարցում ինչ դերակատարում ունի գյուղնախարարը, բայց որ գյուղնախարարություն կոչվող գերատեսչությունն ակնհայտորեն գերազանցում է իր լիազորությունները եւ հասարակությանն ապակողմնորոշում, ակնհայտ է:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ