Դասական միջամտություն. Աղասի Այվազյան

Դասական միջամտություն. Աղասի Այվազյան

Մենք բոլորս ձգտում ենք անջատվել քաղցր ու անիմաստ նյութեղենությունից` մեզանից` սատանայից… Սատանան տառապում է, այրվում է կրակի վրա ու փրկվել է ուզում, պոկվել է ուզում իրենից… Ես ողբում եմ սատանային, ես խղճում եմ սատանային` ձեզ, ինձ: Մարդը սատանայի անցումային փուլն է… Գիտե՞ք, թե ինչ ճանապարհ եք անցել, մինչև հասել եք այս վիճակին: Մի կործանեք ձեր երկար ու մեծ աշխատանքը… Մարդը օդանավակայանն է, որտեղից պիտի գնաք բանականության, օգտի, երջանկության աշխարհը… Մի փորձեք մարմինը տանել ձեզ հետ, ինչպես սավառնորդներն են անում: Նրանց արածը ճանճի թռիչքն է: Կույր թռիչք, մեխանիկական թռիչք` հոգու թռիչքի հետ համեմատած: Ողորմելիները ուզում են նյութեղենը բարձրացնել վեր: Անհնար մի բան: Առանց նյութից պոկվելու վեր բարձրանալ: Պահպանելով նյութեղենի կիրքը… Խղճուկ մի բան` տանել մարմինը դրախտ: Այդ սատանայի` նյութի ցանկությունն է: Պատրաստվեք իսկական թռիչքի: Ու թե պատրաստ չեք` թռիչքը չի կայանա: Ու կմնաք այստեղ, կմնաք սատանա, այս տխուր աշխարհում` հողի ձգողականությանը գերի: Եվ կմնաք այնքան ժամանակ, մինչև դժոխային աշխատանքով չնախապատրաստեք ձեր նոր թռիչքը: Կապրեք քրտնած, արյունոտած, ուրիշի ստամոքսում, ուրիշը ձեր ստամոքսում, կապրեք որպես նյութեղեն` ձի կամ մուկ, կոկորդիլոս կամ ագռավ: Ու կրկին ձեզ մարդ պիտի դարձնեք` թռչելու համար…



«Ժամագործների համքարությունը»