Ո՞րն է հաջորդը

Ո՞րն է հաջորդը

Տարիներ շարունակ հայ հանրությունը մի բան է պահանջում իշխանությունից. առանց ինձ տեղեկացնելու, առանց իմ կարծիքը հարցնելու որոշումներ մի կայացրու: Մանավանդ՝ դա նաեւ օրենքի պահանջն է: Բազում օրենքների մեջ անգամ ամրագրված են հանրային քննարկումներ անելու, շահագրգիռ խմբերի կարծիքը հաշվի առնելու, ապա տվյալ որոշումը հրապարակայնացնելու նորմերը: Բայց «սեւին սապոնն ինչ անի»՝ իշխանությունն անխռով իր գործն առաջ է տանում, հաշվի չառնելով հանրային կարծիքը եւ հակահասարակական օրենքներ ընդունելով: Սակայն եթե տարիներ առաջ այդ պրակտիկան բավական անխափան գործում էր, հիմա, ինչպես ասում են, ավելի ու ավելի է ոտները քարին դեմ առնում: Օրինակները, ցավոք, այնքան էլ շատ չեն, բայց նախադեպային նշանակություն ունեն եւ դոմինոյի էֆեկտի վերածվելու հավակնություն: Այս առումով տրանսպորտի թանկացման որոշումն ամենադիդակտիկն է: Ո՞րը կլինի հաջորդը՝ ապօրինի ավտոկայանատեղիների հա՞րցը, բուհական ուսվա՞րձը, կենսաթոշակներն ուշացնե՞լը, թե՞ այլ խնդիր՝ կերեւա առաջիկայում: Մի բան պարզ է, որ ՀՀ քաղաքացին այլեւս նախկինը չէ. նա պատրաստ է պաշտպանել իր իրավունքները, եւ դրա համար նրան առանձնապես ուղղորդել, առաջնորդել, հուշել պետք էլ չէ: Ուղղակի ոչ ոք չի կարող ասել, թե ինչը կկպչի հայ մարդու «ներվին», ինչից նա կզայրանա ու նորից փողոց կելնի: Ոչ ոք չի կարող ասել նաեւ, թե ովքեր կլինեն այդ պայքարի առաջամարտիկները՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչնե՞րը, լրագրողնե՞րը, թե՞ տնային տնտեսուհիները: Պարզ է, որ քաղաքական ընդգծված լիդերների կարիք ժողովուրդը չունի, ծախվելու պատրաստ կուսակցական առաջնորդներ նրան այլեւս պետք չեն: Ավելին՝ երբ նրանք քիչ են երեւում, պայքարը դրանից միայն շահում է, իսկ համախմբումն ավելի հստակ ու նպատակային լինում:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ