Х ժամ Հարավային Կովկասի երկրների համար

Х ժամ Հարավային Կովկասի երկրների համար

2013 թ. դարակազմիկ նշանակություն կունենա Հարավային Կովկասի երկրների համար: Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում նախագահական ընտրությունները յուրովի «Х» ժամ են քաղաքական էլիտաների համար: ԽՍՀՄ փլուզումից հետո անցած 20 տարիների ընթացքում, ինչպես նշում են կառավարամետ փորձագետները, ստեղծվեցին կայուն կառավարման համակարգեր, ձևավորվեց իշխանության և ընդդիմության միջև հարաբերությունների բալանսը: Սակայն այդ գնահատականները, եթե շեղվենք տարածաշրջանային իրողություններից, ավելի շատ հիշեցնում են ռուսական` «լավ ական` վատ եղանակին» արտահայտությունը: Ամեն մի ընտրական փուլ Հարավային Կովկասում միշտ էլ սթրեսային իրավիճակ է հասարակության և էլիտայի համար: Բացառություն չի կազմի նաև 2013 -ը: Առավել ևս, որ տարածաշրջանի բոլոր երկրներում այսպես թե այնպես միևնույն միտումն է՝ հին ընդդիմության ճգնաժամ և գործող իշխանությունների նոր, առավել ռադիկալ հակառակորդների ի հայտ գալ:



 



ՀԱՅԱՍՏԱՆ



Փետրվարին կայացած ընտրություններում հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հաղթանակը կանխատեսում էին միջազգային փորձագետների մեծամասնությունը: Սակայն երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ տարբերությունը անսպասելի փոքր եղավ՝ 58 %՝ 36,7%-ի դիմաց:



Հայաստանի երրորդ նախագահին անողոք քննադատում էին իշխանության մեջ առկա կլանայնության, կոռուպցիոն սկանդալների, բազմաթիվ սոցիալ-տնտեսական չլուծված խնդիրների համար, սակայն նրա ընդդիմախոսների մոտ չգտնվեց բարեփոխումների իրական այլընտրանքային ծրագիր: Ընտրությունները նորից վերածվեցին անձերի պայքարի, այլ ոչ թե՝ գաղափարների:



Առավել ևս, որ Հովհաննիսյանը «հին գվարդիայից» է, լավ ծանոթ է Հայաստանի ընտրողներին, սակայն երբեք չի մտել նախագահական աթոռին հավակնող ամենաիրական թեկնածուների ցանկը: Բողոքող էլեկտորատի զգալի մասին համախմբելու գործում նրան օգնեց երկու հեռանկարային թեկնածուների՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի և երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը հանդիսացող Գագիկ Ծառուկյանի՝ իրենց թեկնածությունը չառաջադրելու որոշումը: «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի որոշումը շատերը ընկալեցին որպես բիզնես-որոշում: Այսպես, չնայած որ ընտրություններում սեփական ծրագրով մասնակցելով նա կարող էր քաղաքական  դիվիդենտներ վաստակել, սակայն դա նաև անխուսափելի ռիսկ էր նրա բիզնեսի համար, այդ իսկ պատճառով էլ, հնարավոր է, որ զուտ հոգեբանորեն այդ մարտահրավերին Ծառուկյանը պատրաստ չէր: 



Ցանկացած դեպքում, Հովհաննիսյանի համար այդ հաջողությունը, ամենայն հավանականությամբ, կլինի կարապի երգը, ինչի մասին կողմնակի վկայում են մայիսին կայացած Երևանի քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքները: «Ժառանգության» արևմտամետ հռետորաբանությունը քաղաքային ընտրություններում իրեն չարդարացրեց, իսկ «Բարև, Երևան» կոալիցիան արդյունքում միայն վեց տեղ ստացավ Ավագանու կազմում:



Սակայն հայկական հանրության ներքին խնդիրները դեռևս մնում են օրակարգում: Բնակչության արտագաղթը երկրից սպառնալի չափերի է հասնում: Իշխող էլիտայի թարմացումը տեղի է ունենում «փակ ռեժիմով», ինչն առաջացնում է դժգոհություն, առաջին հերթին՝ հայ երիտասարդության շրջանում: Այդ իսկ պատճառով էլ մեծ է հավանականությունն այն բանի, որ 2018 թ. ընտրությունները կանցնեն բոլորովին այլ՝ ավելի կոշտ սցենարով: Առավել ևս, որ այնպիսի տպավորություն է, թե իշխանությունից թեկնածու առաջադրելու նախկին սխեմաներն իրենց սպառել են: Երկիրը թարմացման խիստ կարիք ունի՝ ինչպես սոցիալ-տնտեսական ոլորտում, այնպես էլ՝ քաղաքական:



 



ԱԴՐԲԵՋԱՆ



2013-ի Ադրբեջանում կայանալիք ընտրությունները կարող են «հին ընդդիմության» կոնսոլիդացման վերջին փորձը լինել, որն արդեն մոտ 20 տարի է, ինչ դիմակայում է սկզբում Հեյդար Ալիևին, իսկ հետո` նրա որդուն` գործող նախագահ Իլհամ Ալիևին: Ազգային Ճակատը, «Մուսաֆաթը», մի շարք այլ կուսակցական կառուցվածքներ այս անգամ կարողացան միավորվել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի մեջ և անգամ ընտրել քաղաքական մի ֆիգուր, ով արժանի է դառնալ ընդդիմության միասնական թեկնածու` Ռուստամ Իբրահիմբեկովը:



Սակայն ներկա պահին հասկանալի չէ, թե արդյոք կարող է Իբրահիմբեկովը գրանցվել ընտրություններին մասնակցելու համար` կապված իր հանդեպ քրեական գործ հարուցելու և ռուսական քաղաքացիության առկայության հետ: Սակայն հարցը անգամ ոչ այնքան տեխնիկական խնդիրների մեջ է: Ինչպես և Հայաստանում, այստեղ պատվախնդրությունների ակնհայտ դիմակայություն է, այլ ոչ թե` քաղաքական ծրագրերի, և անդրգորգային խաղերը ավելի մեծ նշանակություն ունեն, քան` հանրային դաշտում մրցակցությունը:



Այդ իսկ պատճառով էլ չկա երաշխիք, որ «Մուսաֆաթի» առաջնորդ Իսա Գամբարը վերջին պահին չի հայտարարի ընտրություններին ինքնուրույն գնալու որոշման մասին: Մանավանդ որ նրա ծրագրում էլ ամեն ինչ ստանդարտ է` պայքար կոռուպցիայի դեմ, ԶԼՄ-ների ազատության ընդլայնումը, սոցիալական խնդիրների լուծումը` նման կարգախոսների տակ ցանկացած ընդդիմության առաջնորդ կհարմարվի:



Իսկ ահա, այսպես կոչված, «ստվերային ընդդիմությունը», որը ներկայացնում են սակավածանոթ երիտասարդ ընդդիմադիր կազմակերպություններ, ներկա իշխանության համար կարող են շատ ավելի մեծ վտանգ ներկայացնել: Նրանք ավելի քիչ են հակված անդրկուլիսային պայմանավորվածությունների, ավելի տեխնոլոգիական են, ունեն լավ կապեր արտերկրյա դեսպանատների հետ, ինչը հեռանկարի առումով լուրջ ռեսուրս է:



 Իլհամ Ալիևի հաղթանակն այս ընտրություններում տեղի վերլուծաբանների մոտ կասկած չի առաջացնում: Հարցը միայն այն է, թե ինչ դասեր կքաղի դրանցից իշխանությունը: Կարծում եմ, պատահական չէ, որ Բաքվում խոսում են նախագահական ընտրություններից հետո կադրային փոփոխությունների մասին: Նույն ռուսական փորձը ցույց է տալիս, որ իշխանական ռեսուրսը ետընտրական փուլում ամենից հաճախ է բովանդակային ու կադրային փոփոխության կարիք զգում:



 



ՎՐԱՍՏԱՆ



Նույն հոկտեմբերին սպասվում են Վրաստանի նախագահական ընտրությունները: Սակայն վրացական իրավիճակը ընտրությունների նախաշեմին զգալի դուրս է մնում Հարավային Կովկասի համատեսքտից: Այստեղ ընդամենը մեկ տարի է, ինչ փաստացի երկիշխանություն է, որն ուղեկցվում է նախագահ Սահակաշվիլիի և վարչապետ Իվանիշվիլիի միջև սուր պայքարով: Այս հակամարտությունն էլ կորոշի նախագահական աթոռի համար մրցակցությունում հաղթողին:



Տվյալ դեպքում կարևորը ոչ թե այն է, թե ով անձամբ կհաղթի, այլ` թե ում դրածոն է այս կամ այն թեկնածուն: Ցանկացած դեպքում ընտրողը նրա ետևում կտեսնի կամ Սահակաշվիլիի ֆոիգուրը, կամ «Վրացական երազանքի» առաջնորդին: Ինտրիգն ուժեղացնում է նաև Իվանիշվիլիի`անմիջապես ընտրություններից հետո քաղաքականությունից հեռանալու խոստումը: Սակայն շատ փորձագետներ կասկած են հայտնում, թե այդ խոստումը կկատարվի:



Համենայն դեպս, Իվանիշվիլիի շրջապատից և ոչ մի քաղաքական գործիչ չունի այնպիսի անձնական հանրահայտություն և քաղաքական քաշ, ինչպես Վրաստանի ներկայիս վարչապետը, իսկ դա նշանակում է, որ նրա մասնակցությունը «մեծ խաղին»` հենց Սահակաշվիլիի կողմակիցներից ռեվանշի երաշխիքն է:



Ինչ վերաբերում է Միասնական ազգային շարժումից հավակնորդներին, ապա Դավիթ Բաքրաձեն (իսկ հենց նրան են ակնկալում տեսնել թեկնածուի դերում), իր հանրահայտությամբ զիջում է նախագահական ճամբարից այնպիսի ֆիգուրների, ինչպիսին են Գիգի Ուգուլավան և Վանո Մերաբիշվիլին:



Այդ ֆոնի վրա, Իվանիշվիլիի կառավարությունում գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլիի թեկնածությունը ավելի հեռանկարային է երևում: Ընդ որում, Մարգվելաշվիլիի և Բաքրաձեի ծրագրերը քիչ բանով են տարբերվում:



Մեծ է հավանականությունն այն բանի, որ 2013-ի հոկտեմբերից հետո նախագահական և վարչապետական իշխանությունը կենտրոնանա միայն «Վրացական երազանքի» ձեռքում: Հարցը միայն այն է, թե  որքանով երկիշխանության հաղթահարումը կօգնի լուծել այն խնդիրները, որոնք կանգնած են վրացական հանրության առջև:



 



Ալեքսեյ Վլասով, «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կետրոնի գլխավոր տնօրեն



Նյութը` newsgeorgia.ru  կայքից