Լոռիում շարունակում են անմեղ մարդիկ զոհվել

Լոռիում շարունակում են անմեղ մարդիկ զոհվել

Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրը երկար ժամանակ է արդեն, ինչ դարձել է վտանգավոր այդ ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաների համար: Պատճառն այն է, որ ճանապարհի մի կողմում ասֆալտի քանդվելու հետեւանքով փոս է առաջացել, իսկ մյուս մասում հսկա ձոր է: Ձորի կողմում չկան նաեւ երկաթբետոնե արգելապատնեշներ, որոնք քիչ թե շատ անվտանգ կարող էին դարձնել հիշյալ ճանապարհը: Այս պարագայում, երթեւեկող վարորդները, խնայելով մեքենաները, փորձում են «փախցնել» դրանք մեծ փոսից ու դուրս են գալիս ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, որտեղ արդեն, կորցնելով կառավարումը, բախվում են դիմացից եկող մեքենաներին: Միայն վերջին 20 օրում մի քանի դեպք եղավ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի այդ հատվածում` հենց այդ փոսի պատճառով: Դեպքերից մեկն ավարտվել էր մեքենայի ամենաերիտասարդ ուղեւորուհու մահով, կային նաեւ վիրավորներ: Առաջին դեպքը կարճ ժամանակ առաջ էր` հուլիսի 20-ին, երբ Փամբակ գյուղի մոտ, հենց նշված ճանապարհահատվածին «Վազ 2101» մակնիշի ավտոմեքենայի լոռեցի վարորդը, փորձելով խուսափել մեքենան վնասելուց, դուրս էր եկել հանդիպակաց գոտի ու բախվել Երեւանի բնակչի վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային,  այնուհետ, ձորն ընկնելուց խուսափելու համար, բախվել էր էլեկտրասյանը:  Իսկ հենց երեկ, նույն այդ վայրում, նույն պատճառներից ելնելով, գրանցվեց եւս մեկ դեպք, որը, ի տարբերություն առաջինի, ավարտվեց մահով:



«Օպելի» ու «Մերսեդեսի»` միմյանց հարվածելուց հետո «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան մոտ 100 մետր բարձրությունից գլորվել էր ձորը, որի ամենաերիտասարդ ուղեւորուհին՝ 20-ամյա աղջիկը, մահացել էր տեղում: Մեքենայի վարորդն ու եւս 2 ուղեւոր էլ վիրավոր էին: Մեքենայի ուղեւորները Հայաստան էին ժամանել հարազատներից մեկի հուղարկավորությանը մասնակցելու համար, սակայն, այդպես էլ տեղ չհասան, փոխարենը` սգալու են եւս մեկ հարազատի մահ:



Այս ամենից հետո առաջ է գալիս ընդամենը մեկ հարց` ու՞մ ուսերին է մնում շարունակ այս ճանապարհին տեղի ունեցող պատահարների պատասխանատվությունը: Հենց ոլորանի սկզբին ու ձորի կողքին գտնվող ընդամենը մեկ փոսի նորոգումը դժվար թե ֆինանսական հսկայածավալ գումարների հետ կապված լինի, այստեղ գործում է ընդամենը պատկան մարմինների անուշադրության ու ամենաթողության գործոնը: Մինչդեռ խնդրի մասին տեղյակ են եւ ճանապարհային ոստիկանները, եւ այդ նույն ճանապարհով ամեն օր անցնող չինովնիկները, որոնց խղճին էլ հենց մնում է իրենց անգործության հետեւանքով առաջացած մահերի ծանրությունը:



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ



 Լոռու մարզ