Բացահայտվեցին մի շարք թերություններ և բացթողումներ

Բացահայտվեցին մի շարք թերություններ և բացթողումներ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորած հանձնաժողովը ստուգեց «Վանաձոր» գծային-կայարանային միավորման աշխատանքը, այցելելով Վանաձոր-Այրում երկաթուղային հատվածը: 


Ստուգայցի ժամանակ հանձնաժողովը հատուկ ուշադրություն էր դարձրել կադրային քաղաքականությանը, երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը: 


Հանձնաժողովի անդամները ծանոթացան Սանահինի երկաթուղային հանգույցի վերակառուցման աշխանատքների ընթացքին, որը նախատեսում է ոչ միայն կայարանի և դեպոյի արդիականացումը, այլ նաև նոր ենթակառուցվածքային օբյեկտների կառուցումը, քննարկեցին Սանահինի մեխանիզացված ուղեմասի վերակառուցման ընթացքը: 


Ստուգումների և հանդիպումների ժամանակ բացահայտվեցին մի շարք թերություններ և բացթողումներ, որոնք, մասնավորապես, կապված էին միջին օղակի աշխատողների կարգապահության և ղեկավարների կողմից ոչ բավարար հսկողության հետ, ինչպես նաև տրվեցին համապատասխան հանձնարարականներ: 


Ընկերության գլխավոր տնօրենի ղեկավարությամբ նման ստուգումներ ՀԿԵ-ում անցնում են ամեն շաբաթ՝ «Գնացքների երթևեկության անվտանգության ապահովման մասին» հրամանի համապատասխան, և ուղղված են անվտանգության մակարդակի բարձրացմանը: