Նույնն է, որ գրեին թուրք

Նույնն է, որ գրեին թուրք

Փակ շուկայի ճակատին օրեր շարունակ փակցված էր Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի մեծադիր նկարը՝ վերեւում խոշոր տառերով գրված է՝ մասոն: Երեկ Փակ շուկայի կառուցապատման ջատագովները լուսանկարը փոխել էին՝ փակցրել էին Գարեգին Չուգասզյանի եւ Եղնուկյանի նկարները՝ նոր կարգախոսներով. «Ո՛չ վարձու գրանտակերներին, ո՛չ վարձու ընդդիմախոսներին, դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»: Օրեր առաջ Եղնուկյանը հայտարարել էր, որ պահանջել է հանել իր դիմանկարը, եւ դիմել է դատախազություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Մենք լսեցինք Եղնուկյանի կարծիքն այս մասին: «Շինարարը եւ պետական մարմինները, որոնք մեղսակից են այս ապօրինությանը, երբ չունեն որեւէ օրինական հիմք, որով կարող են հակադարձել մեր պահանջներին, եւ ուրիշ ելք չունեն, բացի նրանից, որ պետք է արդեն զրպարտեն, թիրախ ստեղծեն մեկին: Դրանով ուզում են շեղել հանրության ուշադրությունը եւ սեւեռել այն բանի վրա, որ այս բողոքողները դրսից գրանտակերներ են, մասոններ են, լրտեսներ են, մարդիկ, որոնք չեն ուզում, որ 700 աշխատատեղ բացվի: Երբ իրենք կախված են փրփուրներից, եւ չկա օրենքը՝ իրենց պաշտպանելու, ստիպված նման քայլերի են դիմում: Շատ լավ իմանալով, որ ես մասոն չեմ, եւ Հայաստանում ատելություն կա մասոնների նկատմամբ, իմ նկարի վրա գրելով մասոն, նույնն է, որ գրեն թուրք: Այս արարքով հրահրում են ատելություն, որը նույնպես քրեական պատասխանատվության ենթակա արարք է: Ալեքսանյանն իմ ճակատին դնելով այդ պիտակը, ինձ դարձնում է թիրախ, հնարավոր է, որ ես փողոցով քայլելիս ենթարկվեմ ինչ-որ աննորմալի հարձակմանը: Սամվել Ալեքսանյանը թույլ է տվել քրեական արարք, որն է ատելություն սերմանել անձի նկատմամբ, որի հետեւանքը կարող է լինել ողբերգական: Առայսօր ոչ մի պատկան մարմին չի կանխել այդ արարքը, չի մտահոգվել իմ անձի անվտանգությամբ»:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ