Գերժամանակակից սարքավորումներ ուռուցքաբանության կենտրոնին

Գերժամանակակից սարքավորումներ ուռուցքաբանության կենտրոնին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 25 միլիոն ՀՀ դրամ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գերժամանակակից սարքավորումներով համալրելու համար:



«Մենք այստեղ ենք, որովհետեւ անտարբեր չենք: Կարեկցանքից եւ բարի խոսքերից բացի, անհրաժեշտ են նաեւ կոնկրետ քայլեր: Մենք պետք է միավորվենք քաղցկեղի դեմ պայքարում եւ անենք ամեն ինչ, որպեսզի հիվանդներն անհրաժեշտ որակյալ բուժօգնություն ստանան հենց Հայաստանում եւ ստիպված չլինեն գնալ արտերկիր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի սարքավորումներ` Draeger Fabius մակնիշի ինհալացիոն անզգայացման սարք, Siemens մակնիշի շարժական ռենտգեն նկարահանման սարք, ինֆուզիոն ներարկչային պոմպեր` դեղորայքի ներերակային ներարկման դոզավորման սարք, մոնիտորներ, բժշկական արտածծիչ սարք, թոքերի արհեստական շնչառության սարք:



ՈւԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար հիվանդ: Հանդիսանալով ազգային կենտրոն, հիվանդանոցն սպասարկում է ողջ հանրապետության բնակչությանը: Տարվա կտրվածքով կենտրոնում կատարվում է մոտ 3200 վիրահատություն, շուրջ 4500 հիվանդ ստանում է հակաուռուցքային քիմիաթերապիա, իսկ շուրջ 1500 հիվանդ ստանում է ճառագայթային բուժում: Նոր ձեռք բերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանն ու հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:



Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգին ցուցաբերած շարունակական, անգնահատելի աջակցության, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում բազմաթիվ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն արժանացել է շնորհակալագրի եւ պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:



Հիշեցնենք, որ առողջապահության համակարգի արդիականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2007 թվականից մինչ օրս իրականացրել է հետեւյալ ծրագրերը.



- Նեոնատալ խնամքի ժամանակակից սարքավորումներ է տրամադրել մայրաքաղաքի եւ Հայաստանի բոլոր մարզերի ծննդատներին եւ մոր ու մանկան խնամքի կենտրոններին: Ծրագրի շրջանակներում իրականացվել է նաեւ մասնագետների վերապատրաստում: Ծրագիրն ուղղված է Հայաստանում մանկական մահացության ցուցանիշի կրճատմանը:



- Աջակցել է Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարի իրականացմանը:



- Մեծ ներդրում է կատարել Հայաստանում «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնի» ստեղծման գործում:



- Աջակցություն՝ շտապ բժշկական օգնության գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացման նպատակով թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման գործում:



- Ժամանակակից սարքավորումներ է տրամադրել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին:



- Աջակցել է երեխաների զարգացման միջազգային կենտրոնին (աուտիզմով հիվանդ երեխաներին):



- Քանաքեռ-Զեյթունի ակնաբուժական կլինիկայում բացվել է գերժամանակակից սարքավորումով 4 նոր կաբինետ:



- Աջակցել է Հայաստանի միջազգային երրորդ բժշկական համագումարի իրականացմանը եւ ներկայացրել է Mobile Health Solution նորարարական լուծումը` ուղղված առողջապահական ծառայությունները բնակչության համար առավել հասանելի դարձնելուն:



- Հայկական Կարմիր խաչի հետ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում աջակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման արշավի իրականացմանը:



- Աջակցել է Մեծամորի բուժհամալիրի  ջեռուցման եւ տաք ջրի մատակարարման լոկալ համակարգի կառուցմանը:



- Շտապ բուժօգնության ավտոմեքենա է տրամադրել Վայոց Ձորի Խաչիկ գյուղին: 



ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես: