Կոմպոզիտորները կմտնեն դատարան

Կոմպոզիտորները կմտնեն դատարան

Հայաստանի կոմպոզիտորների համբերության բաժակը լցվել է, եւ նրանք այլեւս չեն ուզում ոչ մի րոպե ավել սպասել մինչեւ համագումարը: Ու չնայած միության ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն արտահերթ համագումարը նշանակել է հոկտեմբերի 26-ին, բայց միության անդամների ավելի քան 1/3-ը՝ 42 անդամ, պահանջում է այն հրավիրել ավելի շուտ: Բանն այն է, որ դեռ հուլիսին Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորման մի քանի անդամներ դիմել էին ՀՀ արդարադատության նախարարին՝ խնդրելով հարուցել վարչական վարույթ` միության 2009-2013թթ. իրավիճակի, ֆինանսատնտեսական գործունեության օբյեկտիվ եւ հանգամանալից ստուգման համար: Արդյունքում նախարարությունը, արձանագրելով առկա խախտումները եւ այն, որ 2009-2013թթ. միությունը համագումար չի հրավիրել, Ամիրխանյանին նախազգուշացրել էր համագումար հրավիրելու անհրաժեշտության մասին: Դրանից հետո Կոմպոզիտորների միավորման 42 անդամները, հիմք ընդունելով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը եւ կազմակերպության կանոնադրությունը, օգոստոսի 30-ին գրավոր պահանջ էին ներկայացրել միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին՝ օրենքով սահմանված 14-օրյա ժամկետում հրավիրել արտահերթ համագումար: Քանի որ 14-օրյա ժամկետն արդեն լրացել է, մենք կապվեցինք կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի հետ, ով նշեց, որ համագումար անցկացնելու հայցով իրենց շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Մանուչարյանն այսօր մտնելու է դատարան, եւ, իրենց խնդրանքով, գործն արագացված ընթացակարգով է քննվելու, իսկ մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի՝ դատարանը կբավարարի կոմպոզիտորների պահանջը, թե՝ ոչ: Հարցին, թե շանսեր կա՞ն, որ դատարանը կբավարարի իրենց հայցը, Չաուշյանը նշեց, որ իհարկե կան, այն էլ` «շատ հզոր», եւ շատ հավանական է նաեւ, որ արդյունքում համագումարն Ամիրխանյանի նշանակած ժամկետից` հոկտեմբերի 26-ից շուտ լինի: Չաուշյանը նշեց, որ մոտ օրերս կհստակեցվի նաեւ, թե ով է իրենց թեկնածուն, ով Ամիրխանյանի հետ կպայքարի միության նախագահի լիազորությունների համար, ավելացնելով, որ իր պարագայում միանշանակ հստակ է` չի առաջադրվելու: