Ակտիվիստներին այս անգամ «զիլ»-ով են ահաբեկել

Ակտիվիստներին այս անգամ «զիլ»-ով են ահաբեկել

Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել հերթական միջադեպը. այս անգամ թիրախ են ընտրվել նստացույց անող երիտասարդների մեքենաները` դրանով փորձ անելով զրկել նրանց ամենատարրական կեցության պայմաններից: Մասնավորապես, նախօրեի գիշերը՝ 2:20-ի սահմաններում, «Զիլ» մակնիշի բեռնատար մեքենան բախվել է նստացույց անող ակտիվիստներ Վահագն Մինասյանի եւ Կարեն Հարությունյանի մեքենաներին, բարեբախտաբար, այդ պահին մեքենաներում ոչ ոք չի եղել, բայց հարվածն այնքան ուժեղ է եղել, որ մեքենաները մայթից դուրս են եկել: Դրանից հետո դեպքի վայր են եկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ մեքենաները տարել տուգանային հրապարակ` պատճառաբանելով, թե դրանք հանդիսանում են իրեղեն ապացույցներ, ուստի պետք է փորձաքննություն անցնեն:



Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց նստացույց անող երիտասարդներից Սուրեն Սահակյանը, վարորդը միանգամայն սթափ վիճակում է եղել, ինչը եւս փաստում է, որ կատարվածը նախօրոք կազմակերպված էր եւ ոչ պատահական միջադեպ: Բացի դրանից վարորդը, պահի տակ չկողմնորոշվելով, կատարվածի վերաբերյալ տարբեր բացատրություններ է տվել, նախ ասել է, որ մի քանի օր չի քնել, դրա համար է ղեկին քնել, բայց մի ժամ հետո էլ ասել է, թե մեքենայի արգելակներն են խափանված եղել: «Երբ հարցրինք՝ ո՞ւր ես գնում, ասեց՝ Դիլիջան, ասեցինք՝ բայց Դիլիջանը հակառակ ուղղությամբ է, ասեց՝ ես Կոմիտասով Դիլիջան եմ գնում, այն դեպքում, որ Կոմիտասն էլ է հակառակ ուղղությամբ, հետո ասեց` դե ուրեմն Մալաթիայով, Կոմիտասով Դիլիջան էի գնում: Շատ հատկանշական էր նաեւ, որ դեպքից 20 րոպե հետո եկան 2 հոգի եւ ներկայացան որպես տվյալ կազմակերպությանը պատկանող մեքենայի տերեր, այնպիսի տպավորություն էր, որ սպասում էին զանգի: Եթե պլանավորված չէր, ապա դժվար է պատկերացնել, որ գիշերը 2:20-ին մարդիկ սպասում էին զանգի»:



Սուրեն Սահակյանը նշեց, որ կան եւս մի քանի փաստեր, որոնք հուշում են այն մասին, որ վարորդը դիտավորյալ է հարվածել իրենց մեքենային. նախ, որ բազմաթիվ ու իրար հակասող պատճառաբանություններ է առաջ քաշել, ոստիկանությունն ու մեքենայի տերերն այդքան շուտ են դեպքի վայր հասել, եւ հետո՝ Արգիշտիի փողոց մտնելիս վարորդը դանդաղեցրել է ընթացքը եւ, մեքենաներին հասնելով, հարվածել. «Հետաքրքիր է, որ բախումից չէր անցել կես ժամ, երբ դեպքի վայրում էին Կենտրոնի ոստիկանության պետը, Երեւանի ՃՈ գումարտակի հրամանատարը: Այդքան պատահականություն չի լինում, այն դեպքում, երբ ինքը միանշանակ քնած չէր, որովհետեւ հենց նոր խաչմերուկից աջ էր թեքվել կամ կարմիրի տակ կանգնել ու եկել: Այդ ժամանակ մայթին կանգնած էինք 3 հոգով, իսկ ես ու Գոհար Սահյանը տեսել ենք, թե ոնց են իրենք մեքենայի միջից նայում մեր ուղղությամբ ու, հասնելով մեքենաներին, «Զիլ»-ը թեքել մեքենաների վրա»: 



Սուրեն Սահակյանը նշեց, որ խորհրդակցել են փաստաբանների հետ, եւ, ըստ օրենքի, 10-օրյա ժամկետում պետք է կամ քրեական, կամ վարչական իրավախախտման գործ հարուցվի. «Եթե խոսքը գնում է քրեական գործի մասին, այդ 10 օրը հնարավոր է մի քիչ երկարաձգվի, եթե դիտավորություն չնկատեն եւ քրեական գործ չհարուցեն, ուրեմն 10 օրից փորձաքննություն անցնելուց հետո հնարավոր է մեքենաները հետ վերադարձնեն»: Սուրենի խոսքերով, ստեղծված իրավիճակը ոչ մի կերպ նահանջելու կամ նստացույցը դադարեցնելու առիթ չի կարող հանդիսանալ. «Այս միջադեպը որեւէ կերպ չի ազդել մեր վճռականության եւ տրամադրվածության վրա, ընդհակառակը՝ դարձել ենք ավելի վճռական»:



Փաստորեն, քաղաքացիական ակտիվիստների վրա ներգործելու, ճնշումներ գործադրելու միջոցները գնալով «կատարելագործվում» են, այս անգամ «Զիլ»-ն են կիրառել որպես պայքարի միջոց:   



 Սոնա ԱԴԱՄՅԱՆ 



sona.adamyan@



hraparak.am