Ո՞վ է լինելու Գրողների միության հաջորդ նախագահը

Ո՞վ է լինելու Գրողների միության հաջորդ նախագահը

Ո՞վ է լինելու Գրողների միության հաջորդ նախագահը, ի՞նչ սկզբունքներով ու չափանիշներով է ղեկավարելու այդ կառույցը: Արդեն երկու շաբաթ է՝ մամուլում շրջանառվում են մի շարք ճանաչված ու գրական աշխարհում հեղինակավոր անուններ, որոնք կարող են ՀԳՄ նախագահի հավանական թեկնածուներ լինել՝ Հակոբ Մովսես, Լեւոն Խեչոյան, Գուրգեն Խանջյան, Կարինե Խոդիկյան, Դավիթ Մուրադյան, Մերուժան Տեր-Գուլանյան… Սակայն այդ անունները շրջանառվում են միայն լրագրողների կողմից, մինչդեռ նրանք առայժմ ժխտում են ՀԳՄ նախագահի պաշտոնին հավակնելու մտադրությունը: Իսկ սեպտեմբերի 12-ին, Լեւոն Անանյանի մահից 10 օր անց, ՀԳՄ նախագահությունը նախագահի պաշտոնակատար ընտրեց միության քարտուղար, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին, մինչեւ ՀԳՄ համագումարն ընտրի նոր նախագահ: Ենթադրվում է՝ համագումարը կհրավիրվի հոկտեմբերի երկրորդ կեսին, դեռ կոնկրետ օրը որոշված չէ:



Էդ. Միլիտոնյանը հրաժարվեց հաստատել կամ ժխտել նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությունը, նշելով, որ համագումարի օրը կգա, թեկնածուներ կառաջադրվեն, եւ գրողները կընտրեն իրենց նոր նախագահին: Բացի այդ, ձեւաչափ էլ չկա նախապես նախագահի թեկնածուներ գրանցելու եւ ընտրարշավ անելու, քանի որ սա քաղաքական պայքար չէ: Իսկ մյուս շրջանառվող հավանական անունը, որ կարող է հավակնել ՀԳՄ նախագահի պաշտոնին, բանաստեղծ, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանն է, ում մասին կուլիսային խոսակցություններում շրջանառվում է, թե հանդիպումներ է ունենում գրչընկերների հետ՝ մարզերում, եւ լրջորեն պատրաստվում է առաջիկայում կայանալիք ընտրություններին: Այդուհանդերձ, նա էլ հրաժարվեց որեւէ կոնկրետ բան ասել՝ պատճառաբանելով, թե դեռ թարմ է Լեւոն Անանյանի հիշատակը, գոնե քառասունքը թող դուրս գա՝ նոր խոսենք այդ մասին: Իսկ ինչպիսի նախագահ են պատկերացնում մեր գրողները եւ ինչպիսին են ուզում տեսնել միությունը մոտ ապագայում:   



Լեւոն Մութաֆյան, թատերագետ, դրամատուրգ - Նախ ասեմ, որ ինչպես ՀԳՄ-ն, այնպես էլ մեր մյուս ստեղծագործական կոչվող կազմակերպությունները, վաղուց ի վեր դուրս են մնացել ժամանակի ընթացքից եւ փիլիսոփայությունից եւ տակավին շարունակում են իրենց պատկերացնել այն կարգավիճակում, որը թելադրվել է խորհրդային գաղափարախոսության կողմից: Հետեւաբար, նոր օրերը նոր մոտեցումներ են պահանջում, ստեղծագործական միության նոր գործառույթներ են պահանջում: Իհարկե, հանուն գրողի ու գրականության, շատ բան է արվել ՀԳՄ-ում, սակայն նոր նախագահը պիտի, իմ կարծիքով, հրաժարվի մի շարք կանոնադրական կարծրատիպերից, կառուցվածքային ձեւերից: Առաջին հերթին միությունը պիտի հրաժարվի վարչություն-նախագահություն կառուցվածքային միավորներից, որովհետեւ դրանք խորհրդային կայսրապետություն են տանում: Պիտի ստեղծվի նախագահին առընթեր խորհուրդ՝ կազմված մասնաճյուղերի եւ սեկցիաների ղեկավարներից, որոնք էլ առաջին հերթին պիտի կազմեն միության ստեղծագործական ծրագրերը եւ ամեն ինչ ուղղորդեն ստեղծագործական աշխատանքներին: ՀԳՄ-ն կատարում է գրականության քարոզչության ու հանրահռչակման իր գործառույթը, սակայն պիտի ստեղծվեն թարգմանչական ու արտաքին կապերի խմբեր, որոնք պիտի նպաստեն հայ գրականության քարոզչությանը, պիտի խստացվեն ՀԳՄ անդամ դառնալու պայմանները, նոր նախագահը պիտի անցնի անդամների զտման՝ առնվազն վերջին 10 տարում գրական-գրականագիտական գործունեությամբ չզբաղված մարդկանց դուրս մղելու ՀԳՄ շարքերից: Կարծում եմ, որ պետք է նաեւ ակտիվացնել գրական պարբերականների գործունեությունը, փոխել հատկապես «խՌՑպՐՈՑցՐվՈÿ ԸՐՎպվՌÿ» հանդեսի ձեւն ու խմբագրին, բերել նոր շունչ եւ նոր մտածողություն:



Արքմենիկ Նիկողոսյան, գրաքննադատ - ՀԳՄ-ում միանշանակ անհրաժեշտ են բարեփոխումներ: Նախ՝ կառույցի ներսում, նրա գործունեության բնույթի մեջ՝ հատկապես: Գրողների միությունը պետք է լինի գրականության տուն, այսպես ասած: Այնտեղ ամենակարեւորը գրականության շահը պետք է լինի, իսկ դրա համար անհրաժեշտ է հստակ չափանիշներ սահմանել՝ համահարթեցումները բացառելու համար: Առանց այն էլ սահմանափակ ռեսուրսներն ու ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն տաղանդավոր գրողների գործերի հրատարակմանը, նրանց քարոզելուն, թարգմանելուն եւ այլն: Ուստի, ՀԳՄ նոր նախագահը պետք է լինի թարմ մտածողության տեր, գրական բարձր ճաշակ ունեցող, կազմակերպչական ջիղ ունեցող, սկզբունքային, անկախ մարդ, ում համար միակ ու բացառիկ հեղինակությունը գրականությունն է եւ ոչ թե ինչ-որ անհատներ: Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց այդ քայլը պետք է անել, պետք է վերջապես ազատվել ինչ-ինչ «հեղինակություններից», «վաստակաշատներից», որոնք ազդում են եւ ՀԳՄ գործունեության եւ ամենատարբեր մրցանակաբաշխությունների արդյունքների վրա: Գրականություն, հետո անուններ. սա պետք է լինի ՀԳՄ նոր նախագահի նշանաբանը:



Դիանա Համբարձումյան, արձակագիր, թարգմանիչ - Այս պահին մտքիս մեջ չունեմ որեւէ մեկի անունը, որին կուզենայի տեսնել Գրողների միության նախագահ, այն պարզ պատճառով, որ բացարձակապես ինձ հետաքրքիր չէ անունը, թե ով է լինելու նախագահ: Ինձ համար շատ կարեւորվում է, թե այդ միություն կոչվածն այսուհետ ինչպես է շարժվելու առաջ, այսինքն՝ ինչ դերակատարություն պիտի ունենա ցանկացած գրողի կյանքում: Ինչ է անելու Գրողների միությունը յուրաքանչյուր՝ շնորհքով, ապաշնորհ, տաղանդավոր գրողի համար, մեկի թաղումն է կազմակերպելու, մյուսի կենցաղային հարցերն է լուծելու, իսկ մյուսի գիրքը, որ տաղանդավոր է, ո՞վ է որոշելու՝ ընթերցող հասարակություն կա՞, թե՞ ոչ: Հաստատ կարելի է որոշել՝ այս մի ստեղծագործությունը տաղանդավո՞ր է, թե՞ անտաղանդ է: Ես ուզում եմ, որ Գրողների միությունում լինի կազմակերպիչ մեկը, որ ցավի գրողի համար, օգտակար լինի, բայց առաջին հերթին օգտակար լինի որպես գրողի: Ուզում եմ, որ Գրողների միության այդ կազմակերպողն այնքան խոհեմ լիներ, որ գրական նոր հոսքերը, նոր ուղղությունները, թարմ շունչ բերեր միություն: Տաղանդավորին անտաղանդից տարբերեր, թարգմաներ, ներկայացներ աշխարհին, եւ տեսնեինք, թե որքանով ենք մրցունակ: Բացի դրանից, մրցանակները կարգավորեր, որովհետեւ պետական եւ նախագահի մրցանակներ ստացածներից հատուկենտ մարդիկ են, որ արժանի եմ համարում, իսկ մեծ մասը, ովքեր ստացել են, գոնե ինձ համար, գրականություն չեն ստեղծել: 



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ