Սեպտեմերի 21-ի երթը հաջողված էր

Սեպտեմերի 21-ի երթը հաջողված էր

Ծովինար Նազարյանը գրում է. «Սեպտեմբերի 21-ի երթը հաջողված էր հենց միայն էն փաստով, որ միավորել էր իրար վրա աչքով աչք չունեցող բազմաթիվ մարդկանց/ուժերի։ Կազմակերպական թերությունները, եթե կային այդպիսիք, նորմալ էին եւ բնական, քանի որ բազմազան էին կազմակերպիչները, իսկ համագործակցության փորձն առաջինն էր, դժվար էր արագ կողմնորոշվելը՝ այնպես, որ չկորցնես նոր պարտնյորներիդ վստահությունը, ուստի դա էլ էր նորմալ։ Կարեւորը, որ վստահությունը պահպանվի միմյանց նկատմամբ, մնացած հարցերը կարելի է քննարկել։



Երթը կազմակերպելիս մշակվել էր ներառական սկզբունք` բոլոր անկախական ուժերը ողջունվել էին։ Ոմանց համար ավելի կարեւոր թիրախ էր Մաքսային միությունը, ոմանց համար` Սերժ Սարգսյանը, բայց բոլորի համար էլ այս երկուսը թիրախ էին` որպես սպառնալիք Անկախությանը։ Բոլոր մասնակիցներն էդ մասին գիտեին ե՛ւ երթից առաջ, ե՛ւ երթից հետո։ Յուրաքանչյուրը կարող է, իհարկե, շեշտադրել իր դիրքավորումը, նշել, թե հատկապես ի՛նչը նրան տարավ երթի, բայց ոչ ոք դա չի կարող անել բոլորի անունից, քանի որ քչերի համար էին երթի նպատակներն ու թիրախները հավասարապես ընդունելի: Օրինակ, ինձ համար այդպես էր, բայց ես հասկանում եմ, որ ուրիշները կարող էին երկու թիրախներից մեկն ավելի կարեւորել։ Դա խնդիր չի, եւ պետք չի ամբողջ երթը բնորոշել ըստ սեփական դիրքավորման։ Վերջիվերջո, սա երթ էր հանուն Անկախության եւ Ինքնիշխանության ու ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ Մաքսային Միությանը միանալու նրա որոշման։ Ընթացքում էլ գերակշռեցին «Ազատ, անկախ Հայաստան» ու «Սերժիկ, հեռացիր» կոչերը։ Դուք ընտրեք, թե որն է ձեզ համար ավելի առաջնային, բայց դժվար թե դրանցից մեկը հերքելիս մյուսը պաշտպանեք։ Մեզ հետ չէին միայն այն ուժերի ներկայացուցիչները, ովքեր ամբողջությամբ պաշտպանում են ե՛ւ ՍՍ-ին, ե՛ւ ՄՄ-ին»։