Նախագահը զայրացել է

Նախագահը զայրացել է

Երեկ զանգվածային լրատվամիջոցներով հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ hամաներմամբ ազատվելու համար քաղաքացին կաշառք է առաջարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկին: Լուրը խիստ զայրացրել էր դատարանի նախագահ Հրաչյա Սարգսյանին, ում փոխանցմամբ` տարածվածը մերկապարանոց սուտ է` չճշտված ինֆորմացիայի արդյունք: «Նա ոչ թե մեր, այլ` արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների բաժնի աշխատողն է: Հետո՞ ինչ, որ նստում ենք նույն շենքում, դա հո չի՞ նշանակում, որ դատարանի աշխատակից է: Նույնիսկ շենքը, որում տեղակայված է դատարանը, մերը չէ. արդարադատության նախարարության հաշվեկշռում է: Առանց ճշտելու տեղեկատվության իսկությունը, մեկը մյուսից արտատպելով` սուտ ինֆորմացիա են տարածում` հանիրավի մրոտելով մեր անունը»: Բանն այն է, որ համաներումը կիրառում են արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցները: Այս պարագայում կաշառքը վերցրել են այդ վարչության այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի Արմավիրի բաժանմունքի աշխատակիցները: