Ովքեր են ոստիկանապետի եվ գլխավոր դատախազի նոր տեղակալները

Ովքեր են ոստիկանապետի եվ գլխավոր դատախազի նոր տեղակալները

 



Երեկ երեկոյան հրապարակվեցին ՀՀ նախագահի հրամանագրերը, որոնք ազդարարեցին կադրային փոփոխությունների մասին: Նախ, հրապարակվեցին ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Սաշիկ Աֆյանին եւ Հովհաննես Հունանյանին աշխատանքից ազատելու մասին հրամանագրերը: Ապա, ինչպես եւ կանխավ գրել էինք, նույն պաշտոններին նշանակումներ արվեցին՝ Լոռու մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանը եւ ոստիկանության ՊՊԾ՝ պետական պահպանության ծառայության, այսպես կոչված՝ 11-րդ վարչության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Թեեւ փոխոստիկանապետի պաշտոնին հավակնողները շատ էին, մասնավորապես՝ ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը, սակայն հաղթեցին Կարապետյան եղբայրների եւ նախագահի թիկնապահ Վաչոյի հովանավորյալները: Ի դեպ, մեզանում եզակի Անուբախ անունը, ըստ Վիքիպեդիայի, ծագել է  Անուբախիս անունից: Դա եղել է եգիպտական մահվան աստվածը, որը մշտապես փորագրված է եղել մումիաների եւ նրանց պատկանող իրերի վրա: Իսկ այս անունով հայտնի ոստիկանին մկրտել են չար ուժերից պաշտպանելու համար: Նա համակարգում բավականին բարձր հեղինակություն ունի, եւ ոմանք կարծում են, որ իրական ոստիկանը հենց այսպիսին պետք է լինի:



 



Ինչ վերաբերում է Լոռվա ոստիկանապետի թափուր մնացած աթոռին, ապա երեկ արդեն խոսվում էր, որ նրա փոխարեն նշանակվելու է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի պետ էրիկ Շարմազանովը: Ի դեպ, Վանաձորի ոստիկանությունը երկու բաժնից է բաղկացած: Մենք կապվեցինք Էրիկ Շարմազանովի հետ, ով համեստորեն կարծում է, որ ինքը դեռ պատրաստ չէ այդ պաշտոնին: «Որ պատրաստ լինեի՝ կնշանակեին, էլի»,-ասաց նա մեզ հետ զրույցում: Ապա կտրականապես հերքեց իր թեկնածությունը. «Ոչ, նման բան չկա, բացարձակ ճիշտ չեն այդ լուրերը: Ես իմ տեղում աշխատում եմ, ու որեւէ մեկն ինձ նման բան չի ասել այդ մասին»: Տարածված լուրերի կապակցությամբ ասաց. «Ամեն մարդ իր երեւակայության չափն ու սահմաններն ունի, ես ի՞նչ իմանամ, թե ով ինչ է կանխատեսում, ես, համենայնդեպս, նման տեղեկություններ չունեմ»: Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ եղբոր կապերը եւս կներդրվեն հանուն իր կարիերայի առաջընթացի, զարմանք հայտնեց։ «Բայց իմ եղբայրն ի՞նչ կապ ունի ոստիկանությունում իմ աշխատանքի հետ: Նման բան գոյություն չունի, իմ կարծիքով՝ նման նշանակում չի լինի»,- եզրափակեց Էրիկ Շարմազանովը:



 



Երեկվա նշանակումների թվում էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Էմիլ Բաբայանի նշանակումը: Նա 36 տարեկան է, 2012թ. հունվարի 9-ից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահն է, 2008-2012թթ. եղել է արդարադատության նախարարի տեղակալը եւ, ամենակարեւորը՝ Գեւորգ Կոստանյանի ուսանողական ընկերներից է: Եղել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի, այսինքն՝ Կոստանյանի տեղակալը: Բայց միայն այն փաստը, որ նա լիակատար անգործության մատնեց եւ այդպես էլ չկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովը, որը կարող էր կարեւոր դերակատարում ունենալ մեր կյանքում, վկայում է նրա գործնական որակների, ավելի շուտ՝ դրանց բացակայության մասին:



 



Նունե Գասպարյան