Հուշագիրը չի առաջացնում իրավունքներ և պարտավորություններ

Հուշագիրը չի առաջացնում իրավունքներ և պարտավորություններ

Թեեւ ՀՀ նախագահականը ներկայացրել էր, թե Մինսկում «հաստատվել է» Հայաստանին առնչվող երեք փաստաթուղթ, իրականում դրանցից երկուսը`Решение «О присоедеидении Республики Армения к Таможе ному союзу и Единому экономический пространству Республики Беларусь, Республики Казахстан и Российской Федерации» և «Меморандум об углублении взаимодействия между Евразийской экономической комиссии и Республикои Армения», առայժմ միեւնույն փաստաթղթի երկու հատվածներն են:






ՀՀ նախագահի կայքում երկու փաստաթղթերի հղումներն էլ բացում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքի նույն էջը:



Այդտեղ դրված տպագիր գրության առաջին էջում Մաքսային եռյակի դրոշներն են եւ մի անվարժ ձեռագրով կատարված լրացում` «24 октября, 2013г., N 49,г. Минск»: Այդ էջում որոշման տեքստն է բաղկացած հինգ կետից, որոնցից երկուսով հավանություն է տրվում կցված Հուշագրի նախագծին, եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խրիստենկո ազգանվամբ պաշտոնյան լիազորվում է Հայաստանի հետ բանակցել եւ անհրաժեշտության դեպքում ոչ սկզբունքային բնույթի փոփոխություններ կատարելով՝ ստորագրել Հուշագիրը:Այնուհետեւ կցված է Հուշագրի նախագիծը:



 



Թերեւս հենց այս Հուշագրի շուրջ է վարչապետ Տիգրան Սարգսյանը բանակցել Մոսկվայում հոկտեմբերի սկզբին, եւ արդյունքը եղել է այն չստորագրելը, բանակցությունների շարունակումը: Թե ինչպես է դա հաջողվել` դժվար է կռահել: Խնդիրն այն է, որ այս Հուշագիր կոչվածը, ինչպես երեւում է Եվրասիական հանձնաժողովի կայքից, ստանդարտ փաստաթուղթ է այդ կառույցի համար, որ ում հետ ասես՝ կնքում են, անվերջ քանակությամբ` պետություններ, ընկերություններ, առեւտրային պալատներ: Գաղտնիքն այն է, որ Հուշագիր ասվածը, գոնե այն, ինչ կնքել են Ուկրաինայի հետ եւ նախագծել Հայաստանի համար, մի շատ կարեւոր կարգավորում ունի` «Սույն Հուշագիրը չի հանդիսանում միջազգային համաձայնագիր եւ չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ եւ պարտականություններ»:






Ուկրաինայի հետ կնքված Հուշագիրը կրում է «31 մայիսի, 2013թ., ք. Մինսկ» տեղավայրն ու ամսաթիվը: Եվ գոնե բովանդակության հինգ կետերով բացարձակապես նույնական է Հայաստանի հետ նախապատրաստվող Հուշագրի նախագծի հետ: Վերջին կետը դարձյալ ամրագրում է, որ Հուշագիրը միջազգային իրավունք կամ պարտականություն չի առաջացնում: Բնական է` հարց է առաջանում. իսկ ի՞նչ է առաջացնում: Ռուսական քարոզչական դատարակախոսության հարթակ եւ վե՞րջ: Երեւում է` այո:



Ամեն դեպքում, Հուշագրի կետերը Հայաստանի եւ Ուկրաինայի համար հետեւյալն են.






«1. Հայաստանին (Ուկրաինային) հնարավորություն է ընձեռվում. 



հրավերով մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի բաց նիստերին, հրավերով մասնակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բաց նիստերին` առանց որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքի,



հրավերով մասնակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստերին առանց որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքի,



առաջարկներ ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:



 



2. Հայաստանը (Ուկրաինան) իրավունք ունեն ստանալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված փաստաթղթերի օրինակները, եթե դրանք գաղտնի կամ ծառայողական փաստաթղթեր չեն:






3. Հայաստանը (Ուկրաինան) հայտարարում են Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան կազմող փաստաթղթերում ամրագրված սկզբունքներին հետեւելու եւ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի շահերին դեմ գործողություններից եւ հայտարարություններից ձեռնպահ մնալու մասին:






4. Սույն Հուշագրի շրջանակում փոխագործակցությունը խորացնելու նպատակով Հայաստանը (Ուկրաինան) կորոշեն համապատասխան լիազորություններով օժտված իրենց ներկայացուցչին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:






5. Սույն Հուշագիրը չի հանդիսանում միջազգային համաձայնագիր եւ չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ եւ պարտականություններ:



6. Հուշագիրն ընդունվում է ստորագրման օրվանից:






Հայաստանի եւ Ուկրաինայի հուշագրերում տարբերությունը միայն պրեամբուլայի մի պարագրաֆն է, որով Ուկրաինայի դեպքում ասվում է, թե Ուկրաինան մտադրություն ունի հետագայում դառնալ Եվրասիական տնտեսական միության դիտորդ, Հայաստանի դեպքում ասվում է, թե Հայաստանը մտադրություն ունի հետագայում դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Դիմացիր ու մի ասա` թե հաստատ դարձան:



Մի քիչ դժվար է հասկանալ, թե նման անմեղսունակ թուղթն ինչ խնդիր է առաջացրել, որ Կիեւն այն ստորագրել է, Երեւանը՝ ոչ: Թերեւս բացատրությունը ոչ թե փաստաթղթում է, այլ աշխարհաքաղաքական շրջադարձերում, որ նշմարելի են Մաքսային միության վրա տապանաքար դնելու Նազարբաեւի ուրվագծվող քայլերում:






Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]