Պուտինին դիմավորելիս առանձնապես մեծ բաների հետևից չենք ընկնելու

Պուտինին դիմավորելիս առանձնապես մեծ բաների հետևից չենք ընկնելու

ՀՀ ղեկավարությունն իսկապես դիվադադար է եղել Պուտինի Հայաստան այցի պատճառով, մինչ երեկ ամեն օր մայրաքաղաքից պաշտոնական խմբեր էին ուղարկվում Գյումրի, որտեղ պետք է վայրէջք կատարի Պուտինի ինքնաթիռը, որպեսզի տեղում ստուգեն իրավիճակը, իսկ երեկ անձամբ կառավարության ղեկավարն է գնացել Հայաստանի երկրորդ քաղաք: Գյումրիում արդեն մի քանի օր խոսակցություններ են շրջանառվում, թե որոշ օբյեկտներ նախատեսված է հանձնել ռուսական կողմին:



 



Ավելին, նախքան Տիգրան Սարգսյանի այցը նշվում էր, որ հենց այդ նպատակով է ՀՀ կառավարության ղեկավարը լինելու Գյումրիում: Թե որն է եղել վարչապետի այցի նպատակը, և ինչպես է Գյումրին պատրաստվում դիմավորել Ռուսաց թագավորին, փորձեցինք տեղեկանալ ՏԻՄ ղեկավարներից: Սակայն քաղաքապետ Սամվել Բալասանյանն այնքան «խառն» էր, որ չցանկացավ ժամանակ վատնել մեզ վրա, պատասխանեց միայն հարցին, թե ինչպես են պատրաստվում դիմավորել Պուտինին Գյումրիում, և արդյո՞ք ժողովրդին ստիպողաբար փողոց են դուրս բերելու՝ «հավուր պատշաճի» դիմավորելու համար: «Շատ լավ ենք պատրաստվում»,- ասաց Բալասանյանը: Չկա՞ հարկադրանք: «Մարդիկ կուզենան՝ դուրս կգան, չուզենան՝ դուրս չեն գա, ինչե՞ր եք խոսում»,- վրդովվեց Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետը՝ անջատելով հեռախոսը: Ավելի բարեկիրթ գտնվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով երեկ ուղեկցում էր վարչապետին:



 



- Պարոն Ցոլակյան, ո՞րն էր վարչապետի այցի նպատակը:



 



- Շենքեր ունենք ահագին՝ պետական գույքին պատկանող, հիմնարկներ ունենք, որ պետք է տեղավորենք, չափերն էինք նայում, որ հարցերը կարգավորենք:



 



- Գյումրիում տեղեկություններ են տարածվել, որ մի քանի կառույցների վերաբերյալ քննարկում եք ռուսական կողմին հանձնելու հարցը: Գուցե հենց այդ կառույցնե՞րն եք ուսումնասիրել:



 



- Չկա նման բան:



 



- Երևանում Պուտինի այցին ընդառաջ արդեն բողոքի ակցիաներ են կազմակերպվում, դժգոհում են հատկապես Մաքսային միությանն անդամակցության մեր ղեկավարության որոշման դեմ, ի՞նչ տրամադրություններ կան Գյումրիում, և ինչպե՞ս եք այդտեղ պատրաստվում դիմավորել ՌԴ նախագահին:



 



- Մենք ոչ մի բան չենք անում, ճիշտն ասած՝ այստեղ չենք կազմակերպել նման ակցիաներ (ծիծաղում է):



 



- Հակառա՞կն եք կազմակերպում, այսինքն՝ մեծ շուքով ընդունելություն:



 



- Նորմալ, փորձելու ենք, որ ամեն ինչ նորմալ լինի, առանձնապես մեծ բաների հետևից չենք ընկնելու, սովորական, բարձրաստիճան պաշտոնյա է, այլ երկրի ղեկավար, պետք է նորմալ ընդունենք:



 



- Իսկ ի՞նչ տրամադրություններ կան Գյումրիում, այդ այցից սպասելիքներն ինչպիսի՞ն են:



 



- Ի՞նչ նկատի ունեք:



 



- Այստեղ հակասական լուրեր ենք ստանում, գյումրեցիների մի մասը մտահոգ է քաղաքը ռուսական «գարադոկի» վերածելու հեռանկարից, մի մասն էլ՝ ոգևորված ռազմաբազաների ընդլայնման և նոր տնտեսական զարգացման ակնկալիքից:



 



- Ժամանակները փոխվել են, մարդիկ դարձել են այսպիսին՝ ով ոնց ուզում է հիմա, այնպես էլ ցանկանում է:



 



- Իսկ մարզպետ Ցոլակյանի ակնկալիքներն ինչպիսի՞ն են այդ այցից:



 



- Ոչ մի բան չկա, դեռ սպասում ենք, ինչ-որ լավ բան լինի, լավ կլինի, մենք էլ կուրախանանք: Շատ նորմալ է այստեղ ամեն ինչ, ոչ մի շեղում չկա:



 



- Փաստը, որ Պուտինը Գյումրիում է վայրէջք կատարելու, ինչպե՞ս եք գնահատում:



 



- Լավ է, էլի, շատ լավ է, ի՞նչ է եղել, տրադիցիա է խախտվում, Երևան չի գալիս՝ Գյումրի է գալիս:



 



- Սա չի՞ նշանակում, որ Պուտինը Հայաստան է գալիս ոչ թե մեր, այլ Գյումրիում ռուսական ռազմաբազաների համար:



 



- Չէ, չէ, չէ, ֆորում է այստեղ նշանակված, և դրա համար է առաջինն այստեղ գալիս: Իսկ մնացածն արդեն բարձր ղեկավարության որոշելու խնդիրն է:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ