«Ազատ դեմոկրատները» խստորեն դատապարտում են Ուկրաինայում կատարվող դեպքերը

«Ազատ դեմոկրատները» խստորեն դատապարտում են Ուկրաինայում կատարվող դեպքերը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները  խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:



 



Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրաման ճանապարհով տանելու քաղաքականությանը և ոտքի են կանգնել պայքարելու հանուն իրենց այդ նպատակի:



Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին և միջազգային կառույցներին հետևողական լինել Ուկրաինայում կատարվող դեպքերին և տալ հստակ գնահատականներ, ավելին` աջակցել բոլոր հնարավոր միջոցներով:



Ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության համար պայքարող յուրաքանչյուր քաղաքական ուժի և կառույցի պարտքը պետք է լինի այս պահին իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել հանուն  ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների գերակայության և իրենց ազատ ընտրությունը կյանքի կոչելու  համար պայքարող Ուկրաինայի քաղաքացիներին:



 



Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն



2 դեկտեմբերի, 2013թ.



ք. Երևան