Արա մի տու՜շ...

Արա մի տու՜շ...

Էս փետրահան եղած իշխանական աքաղաղները ի՞նչ են կեսգիշերին ծուղրուղու կանչում՝ սեփական մի փետուր էլ չունեն, որ պոկես ու գոնե հանգստանաս:






Տաք տեղ են գտել. եթերային ալիքներում ծվարում են ու միատոն ձայնով ավետում հայկական դիվանագիտության հաղթանակը՝ տեսե՜ք, Ռուսաստանը գազը էժանացրել է, ներքին գնով է տալիս, արա մի տու՜շ… Ու հենց մի քանի հոգի ուզում են ձեռքերը բարձրացնել ու ձմեռային անելանելիության մղձավանջում պարել, հայտարարում են՝ դա ձեզ չի վերաբերվում: Բա ու՞մ է վերաբերվում ա՜յ մելիքներ, բեգեր ու մելիքաբեգախառն քաղաքական արարածներ: Ուզունդարայի հավան դրել եք, գցել ժողովրդի ոսկորները, հիմա էլ էս ձմեռվա կեսին կուկու եք կանչում. կու՛-կու՛… Էդ ներքին գինը, ամոթ չլինի հարցնելը, ի՞նչ բան է. ոչ մի բացատրություն մի տվեք, ասացեք՝ ժողովուրդը այդ ներքին գնից տաքանալու՞ է: Այդ ի՞նչ ներքին գին է, որ ստանում ենք մեր հեզության , հնազանդության շնորհիվ: Ուկրաինան, որ քյալլա է տալիս Ռուսաստանի հետ, ուկրաինացին վաճառվող գազը մեզանից 3.1 անգամ ավելի էժան է ստանում: Այդ ո՞նց է լինում, որ Ռուսաստանի ներքին գինը Հայաստանում դառնում է եվրոպականից էլ թանկ:






Չասե՞ս՝ Ռուսաստանը ձեզ գազը ձրի էլ տա, մեկ է, դուք ժողովրդի վրա սաղացնելու եք «դորթ ու բեշով», էլ սերենադներ մի դրեք՝ ռազմական ապահովություն, անվտանգություն… Ռազմական անվտանգության ամենառաջին գրավական մարդն է, որին տնտեսական օղակներով շնչասպառ եք արել, գցել գետնին: Ու՞մ ռազմական անվտանգությունն եք ապահովում՝ երկրի՞, բայց երկիրը մենք չե՞նք, խի՞ եք կոմունալ փոսի մեջ բոլորին սաղ-սաղ թաղում: Մի կարմիր գիծ էր մնացել, դա էլ գծել ու սահման եք դրել շրջանակի մեջ: Երեկ մի վարորդ հետաքրքիր բան էր պատմում. ասում էր՝ տարածքը, որտեղ մեքենաներ էին կանգնում, կարմիր գծով չէր նշված, քյասիբ- քյուսուբ այնտեղ էին կանգնում:






Իրիկունը կանգնեցրել ու առավոտը, երբ ուզում էր շարժվել, տեսել է, որ գիշերն առել են կարմիր գծի մեջ: Խիղճ ունեցեք, գոնե աղբյուրի շիթից մի կաթիլ ջուր թողեք, որ պապակվածի համար ծորա: Գուցե Հայաստանը Ռուսաստանի համար աշխարհագրական տարածք է և երկրի շահերից ելնելով է ասեղի անցքով անցկացնում, ես Ռուսաստանից պահանջելիք չունեմ, ինքն է ու իր երկրի շահը, իմ պահանջելիքը Հայաստանի իշխանությունից է՝ տուր հային ապրելու հնարավորություն, ձեզանից ուրիշ բան չեն ուզում, տուր հային արարելու, ծաղկելու հնարավորություն: Պարտքի դիմաց մաս- մաս մի վաճառիր Հայաստանը, երկիրը բոլորինս է… Հայաստանը հայաթափելուց հետո ու՞մ է հետաքրքիր զուտ տարածքի անվտանգությունը, Հայաստանը հայո՛վ է Հայաստանի պետություն, ոչ թե աշխարհագրական տարածքով: Այդ աշխարհագրական տարածքը կարող է հետաքրքրել միայն օտարին՝ սեփական նկրտումների առումով:






ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ