Ինչո՞ւ է իշխանությունը անհավասարաչափ ուժ կիրառում

Ինչո՞ւ է իշխանությունը  անհավասարաչափ ուժ կիրառում

Պուտինի գալու կապակցությամբ շատ վերլուծություններ կարվեն, նոր-նոր կադրեր կցուցադրվեն, ճամբարային տարբեր գնահատականներ կտրվեն՝  ծայրահեղությունից ծայրահեղություն, բայց այն, ինչ տեսանելի, քոռ աչքի համար էլ նկատելի էր, ինչպես միշտ, լռության կմատնվի:



 



Ո՞րն է դա. հարց, որ օդում մնալու է կախված՝ էս թատրոնն ինչի՞ համար էր: Հարցս ուղղում եմ իշխանավորներին, ոստիկանության բարձրագույն մարմիններին եւ բոլոր նրանց, ովքեր ռուսին, եվրոպացուն սիրելուց առաջ իրենց աթոռներն են սիրում: Ձեզ կոտորում էիք, որ ի՞նչ անեք: Բաղրամյանում ռումբի տեղադրումից մինչեւ դիպուկահարների ամրակայումը տանիքներին սարքում էիք, որ ի՞նչ ցուցադրեիք: Լրագրողներին, ակտիվիստներին այդքան կոպիտ ու ցուցադրական «առգրավում էիք», որ ի՞նչ: Միթոմ տեսեք, թե հակառակ, եվրոպամետ ուժերն ինչի՞ են ունակ… Սովորական թվացող այս հարցի կծիկը որ բացվի, կհասնենք մարտի մեկ:



 



Գազազած ամբոխ, որ ռումբ է տեղադրում, որ պատրաստ է հում-հում ուտել Պուտինին, եթե բաց թողնեն, բայց ոստիկանություն ունենք, որ աշխարհը չունի, խաղաղ քայլող մարդկանց, որոնց թիվը մի քանի հարյուրի էլ չի հասնում, հենց կանգնած տեղից բռնում ու բերման են տանում: Ինչո՞ւ, ա՜յ ոստիկանություն, ինչո՞ւ եք բռնում անչափահասին, լրագրողին: Հասկացանք՝ ռուսի թագավորը եկել է, անվտանգությունն ապահովում եք, բայց ինչո՞ւ եք դիմում ծայրահեղականացված տարբերակների: Ինչո՞ւ եք խաղաղ ցուցարարին ձեր գործելակերպով այնպիսի վիճակի մեջ դնում, որ ասես մոլի «ռեցիդիվիստ եք բռնել», քարշ եք տալիս, խփում, ո՞ւմ են հետագայում այդ կադրերը տրամադրվելու եւ ինչո՞ւ: Սա է հարցերի հարցը, ոչինչ հենց այնպես չի արվում: Դրա տակ ոչինչ չե՞ք տեսնում, դրա տակ աթոռների ամրացում չե՞ք տեսնում, դրա տակ խաղ չե՞ք տեսնում… Իշխանությունը դրանով թույլտվություն է ստանում՝ ցանկացած պահի ճնշել ռումբ, պայթուցիկ տեղադրող, անհնազանդ տարրի:



 



Ինչպես արվում էր մարտի մեկին «խանութ թալանողների հետ»: Իսկ դա կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը: Կարող է լինել նա, ով իշխանափոխության կողմնակից է եւ վտանգ է ներկայացնում իրենից: Անհավասարաչափ ուժի կիրառումը մարտիմեկյան նոր սցենարների կիրառելիության թույլտվությունն է: Դիպուկահարներին տեսնելով տանիքներին, մարտի մեկ չե՞ք հիշում: Այդքան ոստիկանություն տեսնելով, այդքան ահռելի զորամիավորումների կուտակումներ տեսնելով, Պուտինը չի՞ մտածի, թե էս ինչ ահռելի հակառուսական ուժ է կանգնած իր թիկունքում, որ Հայաստանի իշխանությունն այդքան ուժ է հանել:



 



Իրականում, դա Հայաստանի իշխանության համար վտանգ ներկայացնող քաղաքացիական ուժերն են, եւ իշխանությունը պատվով կատարեց հետագայում նրանց ասեղի ծակով անցկացնելու համար իր կոզր քայլը: Կունենա Ռուսաստանի անմիջական թույլտվությունը: Սա է պատասխանը, թե ինչու էր իշխանությունն այդպես մոլեռանդորեն կոտորում իրեն: 



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ