Մեկը մեկից բեխաբար

Մեկը մեկից բեխաբար

Պուտինը եկավ-գնաց եւ հայրենի չինովնիկներին գցեց կրակը: Իշխանություններն արդեն մի քանի օր է՝ հինգ հոգով յոթ երգ են երգում, նրանցից ամեն մեկը մի պարզաբանում է տալիս, թե ինչու «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսը տվեցին «Գազպրոմին»:



 



Պուտինի այցի օրը խորհրդարանում մեկնաբանելով այդ գործարքը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն աչքալուսանք տվեց, թե գազը կէժանանա, եւ այդ 20 տոկոսն էլ սուբսիդիայի դիմաց տրվեց մեր դարավոր բարեկամ երկրին: Սակայն երկու օր անց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սառը ցնցուղ պահեց Գրիգորիչի աչքալուսանքից թեթեւացած զանգվածի վրա, հայտարարեց, թե այդ բաժնեմասը տրվել է ռուսներին մեր 300 միլիոն դոլար պարտքի դիմաց:



 



Նախագահի աշխատակազմի ղեկավարը բոլորովին այլ բան հայտարարեց, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը երեկ անմեղսունակ կերպով խոստովանեց, որ գազի պարտքից տեղյակ չի եղել:



 



Ինչ է կատարվում իշխանության ներսում, եւ ինչու էր Գրիգորիչը նման անտեղյակ հայտարարություն անում, երեկ մեր լրագրողը հարցրել է նրանից, ճշգրտելով՝ հիմա Ձե՞ր խոսքն է ուժի մեջ, թե՞ նախարարի. գազը կէժանանա՞, թե՞ ոչ: Գրիգորիչը թեւաթափ եղած հայտարարել է, թե այս պահին փոփոխություն չի լինի: Իսկ Ձեր աչքալուսա՞նքը: «Սոցիալական շերտին, իհարկե, կառավարությունը ներկայացրել է, փոփոխությունը հիմա էլ կա, բայց ես գտնում եմ, որ առաջիկա տարիներին կիջնի, որովհետեւ, ըստ Միլլերի հայտարարության, մեր ժողովուրդը կվճարի այնքան, ինչքան ՌԴ քաղաքացին»,- ասել է կարկառուն ՀՀԿ-ականը:



 



Ռուսաստանի տարբեր վայրերում ապրող քաղաքացիները գազի բոլորովին տարբեր սակագներ են վճարում, դուք ճշտե՞լ եք կոնկրետ գինը, որը վճարելու է հայ սպառողը: «Ամենացածր գները»: