Երաժշտության մեջ՝ ինչպես սարդոստայնում

Երաժշտության մեջ՝ ինչպես սարդոստայնում

Հարցազրույց կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանի հետ



 



-Դավիթ, սովորաբար մեր երկրում 50-ից ցածր արվեստագետներին անվանում են երիտասարդ ստեղծագործող, ու քանի որ 50-ից ցածր ես, ինչքանո՞վ է այս բնորոշումը քեզ համար խորթ կամ ընդունելի: Ստեղծագործող մարդուն պե՞տք է տարիքային կատեգորիայի մեջ տեղավորել, թե՞ ոչ:






 - Ռիսկով ստեղծագործելու տարիները երիտասարդության տարիներն են, եթե, իհարկե, քեզ շատ չես տալիս հաճույքներին: Այն թափը, որ ունես երիտասարդ ժամանակ, չես ունենա երբեք: Եվ ինչպես Հախվերդյանի երգի մեջ է` երանի նրանց, ովքեր հիսունից առաջ են ապրում, ում երգացանկում դեռ սիրո մասին երգեր են գրվում: Չնայած քիչ չեն այն երիտասարդները, ովքեր բիձու պես են ստեղծագործում, վախենալով են մի նոտան մյուսի կողքը դնում, ու անգամ իրենց  խոսքն է մի տեսակ անբնական, մեծավարի: Ու դրա ֆոնին երբեմն հանդիպում եմ երիտասարդներից էլ երիտասարդ, թարմ գաղափարներով լի ծերուկների: Մի արտահայտություն հիշեցի. «Քանի դեռ չես հրատարակվում՝ երիտասարդ ես», իսկ 50-ից անց շատերը չեն հրատարակվում, դե, ուրեմն, նրանք էլ են երիտասարդ մեզ պես:



 



 



- Փաստորեն, խնդիր չունես մինչեւ հիսունը երիտասարդ կոմպոզիտոր կոչվելու:



 



- Ես անգամ կոմպոզիտոր չկոչվելուց չեմ վախենում, երբ հիշում եմ Ռոբերտ Ֆրոստին. «Ասել, որ դու պոետ ես, նույնքան անհամեստ է, ինչպես ասել, որ դու լավ մարդ ես»: Երբ Կոնսերվատորիա ընդունվեցի, առաջին ուսուցիչս՝ կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանն ասաց. «Իսկ հիմա մենք հինգ պակաս կոլեգաներ ենք»: Ու էլի մի հրաշալի կոմպոզիտորի եմ ճանաչել, ով երբեք տարիքը չէր ընդգծում՝ Ռուբեն Սարգսյանը, որը քեզ տեսնելիս ոչ թե դասախոսություն էր կարդում, այլ անեկդոտներ պատմում, զվարճացնում, միեւնույն ժամանակ լինելով բարձր ինտելեկտի տեր մարդ, որից միշտ սովորելու բան ունեիր, բայց որի կողքին դու քեզ չէիր զգում «երիտասարդ կոմպոզիտոր», այլ կարծես` հավասարը հավասարի հետ: Ու դա մի տեսակ մտերմացնում էր ձեզ: Երբ մտնում էինք Կոնսերվատորիայի իր դասասենյակ, հայացքով ցույց էր տալիս ռոյալն ու ասում. «Դագաղի կափարիչը բացեք»: Շատերը 50-ից հետո դեռ շարունակում են ինքնահաստատվել, երբեմն նախանձում երիտասարդներին ու հաճախ մոռանում, որ մենք իրենց ապրած կյանքի կեսն արդեն ապրել ենք:



 



- Ասացիր, որ չես վախենում անգամ կոմպոզիտոր չկոչվելուց, այդ դեպքում Կոմպոզիտորների միության անդամ դառնալը եւ փաստացի կոմպոզիտոր կոչվելն ի՞նչ տվեց եւ ի՞նչ է տալիս քեզ:



 



- Զագսի կնիքի պես մի բան է երեւի… ամբողջ կյանքում ձգտում ես կատարելության, ազատության, բայց այդ նույն կյանքի բերումով ընդունվում Կոնսերվատորիա, ակնկալում մի բան՝ ստանում մեկ ուրիշը: Երբ նայում եմ ձայնագրություններիս տարեթվերը, տեսնում եմ, որ բոլոր կատարումներս եղել են Կոմպոզիտորների միության փառատոնների շրջանակներում, ու գալիս եմ նրան, որ, բացի Կոմպոզիտորների միությունից, բացառությամբ Հայ երաժշտական ասամբլեան ու Նարեկացի արվեստի կենտրոնը, ոչ մի այլ երաժշտական հաստատություն իր պարտքը չի համարել որեւէ ձեւով սիստեմատիկորեն օժանդակել երիտասարդ կոմպոզիտորներին:



 



- Այսինքն միությունը, որպես կառույց, այդ առումով միանգամայն արդարացնում է իրեն, բայցեւայնպես, միության վիճակն այսօր որքանո՞վ է բարվոք:



 



- Միությունը հիմա գտնվում է տխուր վիճակում: Այն որեւէ կերպ չի ֆինանսավորվում պետության կողմից: Իսկ պետության տրամադրած գումարներն առիթից առիթ են: Խնդրում ես գումար՝ ինչ-որ փառատոն կազմակերպելու համար, կամ տալիս են, կամ` ոչ: Գրանտի պես մի բան է: Ու այս դեպքում տնօրինությունից է կախված, թե էլ ինչ ձեւերով կարող է գումար հայթայթել, ում դուռը ծեծել, ումը՝ ոչ: Ինչպիսի հեղինակություն ու մարդկային հատկանիշներ ունես միություն փող բերելու համար: Ու ինչպես կարելի է գործի դնել միության անդամների ներուժը, ինչպես համախմբել նրանց, որ ամեն մեկը պատասխանատվություն կրի: Պատճառներից մեկն այն է, որ միության անդամների մեծամասնությունն այդ քո ասած 50-ից անց են: Լիքը անհավեսներ կան այնտեղ: Հուսանք, որ սրտացավ երիտասարդները կշատանան, ու միությունը կրկին կվերածնվի:



 



- Թվում է, թե երաժշտություն գրող մարդու համար իր գործիքն արդեն բավական է, բայց, վստահ եմ, շատ դեպքերում այդ գործերը մնում են դարակներում եւ կատարվում նեղ շրջանակներում: Միությունից բացի, ինչպիսի՞ դերակատարում եւ մասնակցություն ունի նաեւ մշակույթի նախարարությունը երիտասարդների ու նրանց գործերը ներկայացնելու հարցում:  






 - Մշակույթի նախարարությունը որոշ գումարներ տրամադրում է կոմպոզիտորների ստեղծագործությունները գնելու համար, բայց այն էլ այնքան խորամանկ է, որ իր տված չնչին գումարի դիմաց գնում է այդ ստեղծագործությունների հեղինակային իրավունքները: Ամիսներ, տարիներ շարունակ ստեղծագործում ես, լարային կվարտետդ հանձնում պետգնման, եթե մրցույթն անցնում է, ստանում ես հասանելիք 80 թե 90 հազար դրամդ, որից պահումներ են անում մի 25 տոկոս, թե ինչքան, հեղինակային իրավունքդ վերցնում ու պետավտոտեսուչի պես վերջում ժպտալով հարցնում են՝ գո՞հ ես, ախպերս: Սա էլ մշակույթի նախարարությունը՝ իր չվարած մշակութային քաղաքականությամբ: Ընդհանրապես, բոլորից եմ դժգոհ. երիտասարդ կոմպոզիտորների հանդեպ Կոնսերվատորիայի, երգչախմբերի, երկու սիմֆոնիկ ու օպերային նվագախմբերի տնօրինության անտարբերությունից, որոնք ոչ միայն չեն կատարում երիտասարդների սիմֆոնիկ դիպլոմային ստեղծագործությունները, այլեւ դեռ ծաղրում են դրանք: Կարծես թե Բաբաջանյանն ու Խաչատրյանը միանգամից 50-ն անց տաղանդավոր են ծնվել ու աշխարհահռչակ: Հնարավորություն չունենալով լսել սեփական ստեղծագործությունդ կենդանի կատարմամբ, հնարավորություն չես ունենում տեսնել նաեւ գործիքավորման սխալներդ, շարունակ դոփում ես նույն տեղում ու, ստիպված, գրում փոքր կտավի ստեղծագործություններ, որովհետեւ դիրիժորներից ոմանք այն հարցին, թե ինչու չեք կատարում երիտասարդ կոմպոզիտորներին, այսպես են պատասխանում՝ երիտասարդների ստեղծագործությունները լսելով՝ արդյո՞ք ձեզ մոտ դրանք եւս մեկ անգամ լսելու ցանկություն առաջանում է…։ Դժգոհ եմ նաեւ մշակույթի նախարարության 2 տարին մեկ երիտասարդ կոմպոզիտորների համար կազմակերպած փառատոններից: Դե հա, ժամանակ առ ժամանակ ծիտիկի համար ամեն մեկն իր հերթին մի բան կազմակերպում է: Մի երկու կոմպոզիտոր գոհ են մնում, բայց արդյունքում լավագույնները հեռանում են երկրից ու  չեն էլ պատրաստվում վերադառնալ… մի կատակ կա, ասում է. «Բոլոր հանճարները մեռած են, ու կարծես թե ես էլ եմ սկսում հիվանդանալ…»: Դրա համար խորհուրդ եմ տալիս կոլեգաներիս, որ հույս չդնեն որեւէ մշակույթի նախարարի վրա, ավելին՝ չզարմանալ որեւէ տնօրենի, ռեկտորի, նախագահի, դիրիժորի բացահայտ անտարբերության վրա։ Տարին մեկ կամ երկու տարին մեկ ֆինանսավորվող սիմվոլիկ միջոցառումների համար չզարմանալ ու չզայրանալ իզուր, պետք է ընդամենը ամեն օր կոշկակարի պես աշխատել, գրել, ջնջել ու փորձել դուրս գալ դրսի շուկա: 



 



- Առհասարակ, հեղինակություններն արվեստում ավելի շատ օգնո՞ւմ են, թե՞ խանգարում: Ենթադրենք, անվիճելի հեղինակություն ես համարում Մոցարտին կամ Բախին, որոնցով այնքան ես տարվում, որ մի պահ էլ չես ուզում ինքդ ինչ-որ բան գրել, քանի որ արդեն կան նրանք:






- Շառլ Գունոյի հայտնի խոսքերը հիշեցրիր: Ասում է. «Երբ քսան տարեկան էի՝ ես ինձ բոլորից գերադասում էի, երեսուն տարեկանում արդեն ասում էի՝ «ես եւ Մոցարտը», քառասունում` «Մոցարտն ու ես», իսկ հիմա ասում եմ՝ միայն «Մոցարտ»»: Կան կոմպոզիտորներ, որոնք այնքան են տարվում այդ հեղինակություններով, որ ինչ գրում են՝ իրենցը չի, այդ հեղինակությանն է: Ու դա կոչվում է ստիլիզացիա, ոչ ավելին: Նրանք կարող են ժամերով նվագել Հինդեմիթի, Մեսիանի, Ստրավինսկու ոճերով ու չզգալ, որ ստրուկտուրայի ու նյութի տեսանկյունից մեկից մեկ կրկնօրինակում են նրանց: Այնքան է մտնում այդ սիստեմը նրանց մեջ, որ դադարում են ադեկվատ վերաբերվել իրենք իրենց ու իրենց արածին: Մինչդեռ որեւէ մեկի ազդեցություն կրելը վատ բան չէ, բոլորն են անցնում այդ ուղիով: Օրինակ, Մանսուրյանի երաժշտության մեջ մենք կարող ենք գտնել Շոստակովիչին ու էլի տարբեր տեղերից եկած փոխազդեցություններ, բայց դա Շոստակովիչ չէ, դա նրա շողքն է, ու գուցե դա է Մանսուրյանի երաժշտության հմայքներից մեկը: Իսկ, օրինակ, Պենդերեցկու ուշ շրջանը լսելիս ուզում եմ ասել, որ դա Շոստակովիչ է: Անհատական լեզու գտնելը հեշտ բան չէ: Ամեն մեկին տրված չէ սեփական համակարգ ստեղծելը, որ սարդի պես ազատ վազվզես քո սարդոստայնով:



 



 - Այն բազմաթիվ մրցանակները, որ ստացել ես, քեզ թո՞ւյլ են տալիս քո «սեփական սարդոստայնն» ստեղծել ու դրանում ազատ «վազվզել»:






 - Չէ, ազատ վազվզելու համար մրցանակներ պետք չեն: Աշխարհահռչակ ջութակահար Յեհուդի Մենուհինը երբեք մրցույթների չի մասնակցել: Բայց նա շատ է սիրել նվագել, ձգտել է կատարելության ու հասել դրան` իր «սարդոստայնին», որը մեր լեզվով ասում են՝ «տուշե»:



 



- Զրույցի սկզբում ասացիր, որ եթե քեզ շատ չես տալիս հաճույքներին, ունենում ես ստեղծագործելու ամենաբեղմնավոր տարիները: Մինչդեռ հակառակն է թվում. այսինքն, որքան տրվես այդ ամենին, այնքան հուզական առումով ավելի շատ նյութ կունենաս ստեղծագործելու համար, այդպես չէ՞։






- Այդպես է, բայց, օրինակ, եթե արվեստագետը խմիչքի հետ սեր ունի,  դժվար թե կարողանա հնգագծի վրա գտնել իր ուզած նոտայի տեղը: Խոսքս չի վերաբերում կիթառով երգ գրող երգահաններին, այլ դասական կոմպոզիտորներին, որոնք գործ ունեն բարդ նոտագրության ու գործիքների մեծ կազմերի հետ: Դա մի այլ տեսակի կոնցենտրացիա է պահանջում, հաճախ՝ սթափ միտք: Ներսիդ էներգիան մի տեսակի էներգիա է, չկան էներգիայի տարատեսակներ, չկա սեքսուալ էներգիա, կա մի էներգիա, ու այն քո մեջ է, ու թե ինչպես դու կվարվես իր հետ, կվատնես այն, թե ոչ՝ կախված է քեզնից: Իսկ այն, ինչ ասում ես, այդպես է, ամեն տեսակ արկածներ, պատմություններ ներսդ լցնում են, խորացնում, ու դա չի կարող չանդրադառնալ երաժշտությանդ վրա: Բայց միայն զգայականով ես չեմ բավարարվում, կա նաեւ ինտելեկտուալ ոլորտ, ինքնավերլուծություն, գրականություն, փիլիսոփայություն, պոեզիա, որոնք իմ կյանքում երաժշտությունից բացի մեծ տեղ են զբաղեցնում:



 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]