Ոչ մեկը մեզ չի ուզում հենց էնպես օգնած լինի

Ոչ մեկը մեզ չի ուզում հենց էնպես օգնած լինի

«Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը, ինչպես հայտնի է, այս տարի էլ հրաժարվեց Հայաստանին ֆինանսավորել: ՀՀ կառավարությունն արդեն որերորդ տարին է՝ դիմում է այս ծրագրին և մերժվում: Դեռևս անցած դեկտեմբերին գաղտնի դիմել էին ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ներգրավվելու խնդրանքով: Սա չէր հրապարակայնացվել, քանի որ ՀՄ կորպորացիայի տնօրենների խորհրդից մերժում էր ստացվել «Հայաստանի կողմից կոռուպցիոն ռիսկերը վերահսկելու պահանջի ցուցանիշը սահմանված նորմայից ցածր է» պատճառաբանությամբ:



 



Ուշագրավ է, որ ընդամենը մեկ ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեծ խանդավառությամբ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր 3 հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատականներ, և մենք կմասնակցենք այդ ծրագրին: Ի դեպ, եթե վարչապետը հետագա մերժման լուրից ապահովագրվելու համար հայտնել էր նաև, որ ֆինանսավորում ստանալու հավանականությունն այնքան էլ մեծ չէ` դիմող երկրների թիվը շատ է, և մեծ մրցակցություն է լինելու, ապա ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն առավել քան համոզված է, որ մեզ մերժել են Մաքսային միությանն անդամագրվելու պատճառով:



 



- Պարոն Հարությունյան, փաստորեն, մեր երկիրը կրկին մերժում ստացավ: Պահանջվող չափանիշները, հավանաբար, այս տարի էլ չկարողացան իշխանություններն ապահովել:



 



- Չեմ կարծում, որ մերժումն այդ չափանիշների հետ է կապված:



 



- Իսկ ինչի՞ հետ է կապված:



 



- Դե, ես ի՞նչ գիտեմ, կարող եմ ընդամենը ենթադրություն անել: Ես կարծում եմ, որ դա կապված է Մաքսային միության հետ, ոչ թե կոռուպցիայի կամ այլ բաների, եթե վերցնում ենք՝ կոռուպցիան իրապես նվազել է, իհարկե, ոչ այն չափով, որ մենք կուզենայինք, բայց ես կարծում եմ, որ էդ Հազարամյակի և մնացած ծրագրերը կապված են այդ ցուցանիշների հետ: Էդ նույն երկրները մեր հասարակական կազմակերպություններին բավական մեծ փողեր են տալիս, որպեսզի իրենց առաջադրանքները կատարեն: Ես կարող եմ ենթադրել, որ դա կապված է Հայաստանի ՄՄ մտնելու հետ:



 



- Սերժ Սարգսյանը միայն այս տարվա սեպտեմբերին հայտարարեց ՄՄ մտնելու մասին, նախորդ տարիներին ինչո՞ւ էին մեզ մերժում:



 



- Ես կարող եմ ենթադրել, ես չեմ կարող ստույգ տվյալներ ասել, էդ մնացածներին որ տալիս են, մեզնից լավը չեն՝ բոլոր առումներով, բոլոր պարամետրերով: Այն երկրներին, որոնց ՀՄ ծրագրով օգնություն են ցույց տալիս, մեզնից լավը չեն, գուցե մենք ավելի լավն ենք:



 



- ՀՄ-ն իր օգնությունը դադարեցրեց 2008-ից հետո՝ հայտնի մարտյան իրադարձությունների պատճառով, երբ ընդդիմությունը բարձրաձայնեց, որ թե ժողովրդավարության, թե բոլոր համակարգերում հետընթաց ունենք: Այդ ժամանակ Մաքսային միություն կա՞ր:



 



- Դե, մի պատճառ պետք է, էլի, որ դադարեցնեն, ամերիկացիներին եթե պետք է լինում, իրանք ոչ ընդդիմության ասածներն են լսում, ոչ դիմության, եթե ամերիկացիներին պետք է լինում, իրենք տալիս են ուղղակի: Եթե համընկնում է իրենց քաղաքական դոկտրինի հետ, օգնում են, ինչ ա, մնացած երկրների ամեն ի՞նչն ա հալած յուղ: Հիմա պատրաստ են Ուկրաինային ամեն ինչ տալ՝ անկախ նրանից, թե էնտեղ ժողովրդավարություն կա, թե չկա, միայն ու միայն նրա համար, որ Ուկրաինան չմիանա ՄՄ-ին: Եվ ահռելի գումարներ նրանք կարող են տալ և տալիս են:



 



- Փաստորեն, մենք նախկինում Եվրոպա էինք գնում, մեր արտաքին դոկտրինն ավելի շատ համապատասխանում էր եվրոպականին:



 



- Գիտես, այդ ժամանակ գոյություն չուներ ՄՄ: ՄՄ-ն հենց այնպես կազմակերպություն չի, այն բավականին… Դա բևեռներից մեկն է, այսինքն՝ ստեղծվում է երկու բևեռ, եթե առաջներում ամերիկացիները, հանձինս Եվրոպայի, ունեին մեկ բևեռ, այսօր ՄՄ-ն հակակշիռ է, և, բնականաբար, այդ մրցակցությունը մեծանում է: Ավելին՝ ՄՄ-ի և Եվրամիության միջև հակասությունների սրումը դեռ առջևում է:



 



- Մեկ ամիս առաջ, երբ արդեն հայտնի էր, որ մենք ՄՄ ենք գնում, երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեծ խանդավառությամբ ավետեց ծրագրին մասնակցելու թույլտվության մասին…



 



- Դե գիտեք, հիմի իրավիճակը շատ շուտ-շուտ է փոխվում, մի բան արդեն պայմանավորվում են, հետո, մի ժամանակ անց, ինչ-որ բանի համար չեն տալիս կամ տալիս են: Նորից եմ կրկնում. ես կարծում եմ, որ սա քաղաքական շարժառիթներ ունի: Բոլոր տեսակի օգնությունների դադարեցումը և վերսկսումը կապված է քաղաքական շարժառիթների հետ: Ոչ մեկը մեզ չի ուզում հենց էնպես օգնած լինի, հենց էնպես փող տված լինի, դա աշխարհի դրվածքն ա, եթե քեզ փող են տալիս, հետևից ինչ-որ բան էլ պարտադրում են:
Նախկինում կամ-կամ-ի հարց չկար, այսօր կա և Եվրամիություն, և ՄՄ, երկու կողմն էլ իրար հետ շատ սուր մրցակցում են, եթե մենք Եվրամիություն ընտրեինք, ապա ՄՄ-ն մեր վրա ճնշումներ կգործադրեր:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ