Պարոն Աշոտյան, ձեզ մոտ ո՞վ է զբաղվում կուսակցական զբրոդի հարցերով

Պարոն Աշոտյան, ձեզ մոտ ո՞վ է զբաղվում կուսակցական զբրոդի հարցերով

ՀՀԿ-ն իր ջահելներով զբաղվելու և նրանց դաստիարակելու խնդիր ունի: Էշ կերել մունդռիկ մեծացել են արդեն ու սկսել են իրենց ափեղ-ցփեղ ֆեյսբուքյամն գրառումներով ջուր պղտորել միջկոնտինենտալ տարածություններում: Եթե նժդեհակերպ ՀՀԿ-ականները չեն կարողանում այդ անել, կգտնվեն մարդիկ, որ կստանձնեն նման սուրբ գործը:



 



«Անկախ քաղաքական ու գաղափարական նախասիրություններից՝ մի բան պարզ է. Գլենդել ճողոպրած հայերն իրավունք չունեն քթները մտցնել Հայաստանի ներքաղաքական զարգացումներ ու գտնվելով Երևանից հազարավոր կիլոմետր հեռու՝ ասեն, թե ով է ընտրվել Հայաստանի նախագահ... Մնայիք ձեր երկրում, իրավունք ունենայիք խոսել... Այս ամենը կանցնի, կգնա, բայց Գլենդելի հայկական զբրոդը չի փոխվի...»:



 



Այս գրառման հեղինակը, ըստ մեզ հասած տեղեկությունների ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս Միհրան Հակոբյանն է: Եթե ինքը ՀՀԿ խորհրդի անդամ և ԵՊՀ դասախոս է, և հազիվ կարողանում է այսպիսի գրառում կատարել, ապա միմիայն ցեխումուր է բերում թե ՀՀԿ-ին և թե ԵՊՀ-ին: Հետևաբար, առաջինը հետևություն պիտի անեն հենց նշվածները: Կանե՞ն:



 



Չենք կարծում, որ նույնիսկ հոնքը կշարժեն: Հստակ երևում է՝ ՀՀԿ-ի պտուղն է: Ինչքան ռեկտոր Արամ Սիմոնյանն է ՀՀԿ-ից հեռու ընկել, այնքան էլ այս բուհի դասախոսը պետք է Արամ Սիմոնյանից հեռու ընկնի:



 



Որտեղի՞ց իմանա ՀՀԿ մանկապատանեկան թևի սույն առանձնյակը, թե ինչ է սփյուռքը, ինչպես է ձևավորվել, ի՞նչ զգացումներ ունի հայրենիքի հանդեպ, և, որ ամենակարևորն է, ինչու է սփյուռքը, փոխանակ հայրենիք վերադարձողների հաշվին նվազի, աճում՝ ի հաշիվ հայրենիքից հեռացողների:



 



Կատարյալ դատարկություն պետք է լինել վիրավորելու համար սեփական ժողովրդի մեծագույն հատվածին՝ սեփական կուսակցության մի քանի հազարանոց խմբակի ձախորդ իշխանությունը արդարացնելու նպատակով: Նման բան աներ մի տաքսու վարորդ, որ նեղվել է որևէ սփյուռքահայի տված քիչ փողից, կհասկանայինք: Բայց ԵՊՀ-ի դասախոս է ոչ բարով, գիտական աստիճան ունի երևի և ՀՀԿ-ում էլ վաժնի դեմքերի հետ է նստում-վեր կենում:



 



Նժդեհը բազմաթիվ հայտնի խոսքեր ունի ազգի տականքի մասին: Պատվարժան ՀՀԿ-ականներ, տվեք դրա ձեռքը թող կարդա ու իրեն տեսնի այդ տականքի մեջ: Ինչո՞ւ չեք կրթում, ինչո՞ւ էք թողնում որ ձեր շարքերում այդպիսի սերունդ մեծանա:



 



Մի երկու օր առաջ էլ տնտեսագիտականի ՀՀԿ-ական խաժամուժն էր կենդանի պատ կազմել լրագրողների առաջ, որ նրանք հանկարծ ներկա չգտնվեն Տարոն Մարգարյանի դիսերտացիայի պաշտպանությանը: Ի՞նչ մնաց որպես հիշողություն այդ իրադարձությունից, եթե ոչ այն մի քանի հոգու անդուր ռոժերը, որոնք միմոսություն էին անում տեսախցիկների առաջ՝ խոչընդոտելով լրագրողների աշխատանքը: Տարոն Մարգարյանի պաշտպանությունը, ասացեք, խնդրեմ, որևէ այլ բանով կհիշվի՞ ապագայում:



 



Վաղը ՀՀԿ-ն էլ կհեռանա իշխանությունից: Դուք ուզում եք ինչ-որ նորմալ բանո՞վ հիշվել, թե միհրանհակոբյաններով պիտի մնաք պատմության մեջ:



 



Դե ուրեմն ուշքի եկեք:



 



Էդիկ Անդրեասյան