Տիգրան Սարգսյանի կառավարության լավուվատը

Տիգրան Սարգսյանի կառավարության լավուվատը

Տիգրան Սարգսյանի կատարած դրական գործերը հիշելիս անմիջապես թվարկում ենք` ամրագոտիներ, տեխզննություն, ապահովագրություն, պետական կադաստրի բարեփոխումներ, վարորդական իրավունքի ձեռքբերման գործընթացի պարզեցում, առքուվաճառքի պայմանագրերի արագացված կազմակերպում, բանկերում փող մուծելու հերթերը կարգավորող էլեկտրոնային համակարգեր, փողոցային երթեւեկությանը հետեւող տեսախցիկներ, վճարովի ավտոկանգառների ցիվիլ համակարգի ներդրում, հարկերի վճարման էլեկտրոնային եղանակ, ապրանքների արագ եւ պարզեցված մաքսազերծում… Երեկ էլ լուր տարածվեց, որ շարք է մտել Անձնագրերի եւ վիզաների վարչության նոր շենքը Դավիթաշենում` քաղաքացիների գերժամանակակից սպասարկման հնարավորություններով, որի առաջին այցելուներից է եղել անձամբ ինքը եւ տեղում ստացել կենսաչափական անձնագիր ու նույնականացման քարտ: Այս ամենի արդյունքում մեր հասարակությունը կարողանում է խնայել ամենակարեւորը` նյարդերը, որոնք, ինչպես պնդում է բժշկությունը, չեն վերականգնվում:



 



 



Ձեռքներս դնենք խղճներիս` քիչ չէ, մանավանդ երբ հիշում ենք, թե ինչ մակարդակի վրա էր Հայաստանը Տիգրան Սարգսյանից առաջ` գոնե թվարկված ոլորտներում:



Բայց եկեք մտքով տեսակավորենք Տիգրան Սարգսյանի կատարած լավ գործերը եւ փորձենք գտնել այն կարմիր թելը, որ անցնում է նրա օրոք ժողովրդի համար կատարված բարեփոխումների միջով: Եվ ի՞նչ ենք նկատում: Կարծում ենք` անզեն աչքն էլ կտեսնի, որ Տիգրան Սարգսյանը, ընտրողաբար, կարգավորել է այն բոլոր ոլորտները, որոնք ծառայում են դրամական միջոցներ հավաքագրելուն միայն: Եթե դու գումար պետք է վճարես, խնդրեմ, բոլոր ծառայությունները քո տրամադրության տակ են: Առքուվաճառքի հա՞րց է, ի՞նչ խնդիր: Ինչպե՞ս եք կամենում՝ սովորակա՞ն ընթացակարգով, թե՞ արագացված… Տարբերությունը 30 հազար է, վճարեք, եւ կանեն արագացված:



Անցյալ օրը հարեւանս` Շմավոնը, ձեռքի վրայից մի մեքենա էր գնել, որի հին պետհամարանիշն իրեն շատ էր դուր եկել: ԳԱԻ-ում խնդրել էր հին համարները թողնել իրեն: Ասել էին` վայ, Շմավոն ջան, բա շուտ ասա, դու ոչ մի պրոբլեմ չունես, 32 հազար վճարի, չեկը բեր, մինչեւ մենք հին համարները թարմացնենք:



 



Կյանք չի, արքայություն է: Ինքնաթիռը թռչում է, իսկ քո անձնագրի ժամկետն սպառվելու վրա՞ է: Լավ չի, պետք է նախապես նայեիր: Բայց անլուծելի հարց չկա: Գնա բանկում վճարիր, մինչեւ գաս` գրած-պատրաստ կլինի: Հիվանդացե՞լ ես… դրանից էլ լավ բա՞ն: Դրամարկղն առաջին հարկում է: Վճարիր: Լյո՞ւքս պալատ ես ուզում, թե՞ «բիզնես կլաս»: Գումարային տարբերությունը մեծ չէ` 100 հազար, բայց, այ, բովանդակության առումով կարող եք շահել, որովհետեւ «բիզնեսում» ձեր կողքին մեռնող պապիկ է լինելու: Ամենագործնականը ատամնաբույժներն են: Բերանդ բացում ես, իսկ նա, ունելին ձեռքին, նայում է չեկիդ բովանդակությանը: Եթե լավ ես մուծվել` ամերիկյան եղանակով է ատամդ հեռացնում, եթե չէ` սիբիրյան: Բայց, միեւնույն է, հեռացնում է, որովհետեւ մուծել ես:



Շատ չերկարացնենք: Մեր պետությունը (իմա` Տիգրան Սարգսյանի կառավարությունը) պատրաստ է մեզ համար անել ամեն ինչ, միայն թե մենք մուծվենք, փողը տանք՝ այսինքն: Մի քիչ անհարմար էլ է համեմատելը, բայց Տիգրան Սարգսյանի կառավարությունը նման է, ոնց ասեմ, էն աղջկան, որ հանուն փողի… դե, էն, էլի, որ փողը գլխանց է վերցնում:



 



Տիգրան Սարգսյանի կառավարության, ինչպես եւ էն աղջկա բոլոր դժվարությունները սկսվում են այնտեղից, երբ իրենք պետք է վճարեն ժողովրդին կամ կլիենտին: Դիցուք` կառավարության մասով լավագույն ապացույց է «Հրապարակի» խմբագրություն հասած 82 տարեկան ՀՀ քաղաքացի Մանուկ Դերոյանը: Մարդուն «օտ ի դո» մերժել են: «Նպաստ չեք կարող ստանալ, որովհետեւ… Խնայբանկի ավանդը չեք կարող ստանալ, որովհետեւ… դրամական օգնություն չեք կարող ստանալ, որովհետեւ… Հայրենական մեծ պատերազմի վետերան չեք, տվյալները չեն համապատասխանում… տարիք, կարգավիճակ չի համապատասխանում… Մերժումների մի երկար շղթա՝ գրագետ մերժումների, անսիրտ-անհոգի, բայց ջանասեր պետծառայողի պատրաստած: Այլ մերժողների էլ է հիշում կակազող ծերուկը՝ ավելի բարձրերի, ավելի անսիրտների…»: Խեղճ մարդուն պատեպատ են տվել, «Փարոսը» կտրել, թողել «չթոշակի» հույսին: Արդա՞ր է: Ոչ, իհարկե: Արդա՞ր է, որ «Նաիրիտի» աշխատողներն իրենց գործարանից մինչեւ նախագահի նստավայր մի խելոք մարդ չեն գտնում, որ իրենց աշխատավարձն ստանան: Արդա՞ր է, որ «Արմավիան» թռնում է՝ առանց աշխատավարձի պարտքերը տալու, իսկ ձեռնունայն մարդիկ հավաքվում են կառավարության տան առաջ: Արդա՞ր է, որ մարդկանց սեփականություն հանդիսացող տները քանդում են, տեղն էլիտար շենք սարքում ու նախկին տնատերերին թողնում փողոցում: Վերջապես՝ արդա՞ր է, երբ մարդկանց այս լուսավոր դարում գաղթական են դարձնում, որ գնան, դրսերում փող աշխատեն, բերեն-տան իրենց:



 



Ուշադիր կարդացեք կուտակային կենսաթոշակի մասին այս նոր օյինբազությունը, որի անունը օրենք են դրել: Տիգրան Սարգսյանի աշխատաոճն է: Դուք ուզում եք հետագայում բարձր կենսաթոշա՞կ ստանալ: Հրաշալի է: Քանի՞ տարեկան եք: 30 չկա՞ք: Լավ է: Ինչքա՜ն եք ուզում ձեր աշխատավարձից վճարել: Օ՜, 5-10 տոկոս: Մոգական է: Դե, արագացրեք, բանկն այն կողմն է: Կհանդիպենք 35 տարի հետո: Դեռ ուսիդ էլ կթփթփացնեն` կեցցես, հայրենիքը քեզ չի մոռանա: Ու երբ մարդիկ այս հեքիաթին չեն հավատում, այսինքն՝ հեքիաթի վերջին մասին, թե 35 տարի հետո երկնքից երեք խնձոր է ընկնելու, Տիգրան Սարգսյանը մոլեգնում է: Ասում է` չի կարելի, պարտադիր պետք է վճարես:



 



Այս էր ամբողջը: Միֆ եւ իրականություն: Իսկ մեր պետությունը, չգիտես ինչու, կոչվում է սոցիալական: Այսինքն, լավ էլ գլխի ենք ընկնում: Մեր պետությունը սոցիալական է կոչվում, որովհետեւ ժողովուրդն էս գլխից վճարելով` պահում է իր սոցիալապես անապահով կառավարությանը: Ու լավ է պահում:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ