ԼՀՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է

ԼՀՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանահատվածում արձանագրված դիվերսիոն գործողություններով մեկնարկած նախորդ շաբաթվա լարվածությունը պահպանվել է նաև անցնող 7 օրերի ընթացքում: Այս մասին հայտնում են ԼՀՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 



 



Հաղորդագրության մեջ ասվում է. «Բացի ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառումից, հակառակորդը առաջնագծի մի շարք հատվածներ էր դուրս բերել նաև որոշակի քանակությամբ ծանր զրահատեխնիկա:



 



Միաժամանակ հակաօդայինները առաջնային գծից շուրջ 30-35 կմ հեռավորության վրա՝ Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրեջք:



 



Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց:



 



Հունվարի 20-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված երկու հետախուզադիվերսիոն գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 3000 դեպքերի արդյունքում Պաշտպանության բանակը կրել է երկու կորուստ: Նույն ժամանակահատվածում իր իսկ կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 8 զոհ, երկու տասնյակից ավելի վիրավոր և որոշ քանակությամբ հատուկ նշանակության սպառազինություն:



 



Չնայած առաջնային գծում լարվածության պահպանմանն ուղղված ադրբեջանական կողմի փորձերին, այդուհանդերձ արձանագրված փաստերից կարելի է եզրակացնել, որ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը շարունակում են հանդես գալ թելադրողի դերում և հարկ եղած դեպքում իրենց կամքը պարտադրել հակառակորդին»: