Երիտհիմնադրամը կամակատարների բանակ է ապահովում ՀՀԿ-ի համար

Երիտհիմնադրամը կամակատարների բանակ է ապահովում ՀՀԿ-ի համար

Գազի պայմանագրի հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիր ուժերի նախաձեռնության տապալումը ՀՀԿ-ի համար կարեւոր էր, բայց ոչ այնքան, որ դրա դեմ ծանր արտիլերիա հանեին՝ վարչապետին կամ էներգետիկայի նախարարին, կամ գոնե Գալուստին Սահակյան:



Եվ հանեցին ՀՀԿ-ի ցողունապետ Կարեն Ավագյանին, որի ձեռքերը կեղտոտելու մասին առանձնապես մտահոգվող չկա: Գազի հարցն էլ Մարտի 1 չէ, որ վրան եվրոպացու աչք լինի: Մեր ու մերոնց՝ սոված ժողովրդին խաբելու ու թալանելու հարցն է, մեր ու ռուսի: Էլ ինչ հանձնաժողով, ինչ Նիկոյան. երիտգվարդիայի ցողունապետն էլ հերիք է: Այս անգամ Կարեն Ավագյանի հանձնարարությունը փետրվարի 4-ին, ամբողջ օրը, ԱԺ-ում վատ-վատ ելույթներ ունեցող ընդդիմությանը մի պատասխան տալն էր, որն ի կատար ածելու համար Կարեն Ավագյանն իր ողջ ստեղծագործական ջիղը ներդրեց, եւ մի բոցավառ ելույթ ստացվեց, բայց ոչ թե ԱԺ-ում ամեն օր խոսափողների առաջ անարդյունք ճղճղացող փոքրամասնության, այլ ընդհանրապես քաղաքական ընդդիմության դեմ, մի բան, որ ՀՀԿ-ն աշխատում էր չանել դեռեւս Քոչարյանի ժամանակներից եւ այս հանդուրժողականությունն իր առավելություններից էր համարում:



«Պետք չէ չարաշահել մեծամասնության հանդուրժողականությունն ու համբերությունը. դրանք անսպառ չեն»,- զգուշացրեց ցողունապետն ընդդիմությանը։ «Յուրաքանչյուրը պետք է հստակ իր տեղն ու դերն իմանա եւ գործի ըստ այդ տեղի ու դերի»,- մատ է թափ տալիս նա։ «Ժամանակին դոպինգ օգտագործած ու դոպինգ կոնտրոլը չանցած քաղաքական ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ դոպինգ կոնտրոլն այսուհետեւ խստացված է»,- արդեն չափազանց վտանգավոր միտք է արտաբերում Ավագյանը՝ «թմրամոլ-խաղամոլ, կազինո, բյուջեի փողեր» ասոցիացիան ստեղծելով:



 



Բայց նվիրվածությունը ՀՀԿ-ին ներելի է դարձնում սխալները: Ընդդիմության դեմ իր հայտարարության մեջ նա, բացի ստեղծագործական ունակություններից, ներդրել է իր կյանքի փորձը: «Եթե չունեք ռեսուրս, ապա, կներեք, ձեր տեղը ոչ թե քաղաքականությունն է, այլ գրանտասեր տարատեսակ շարժումները: Այստեղ տեղին է հիշել հայտնի խոսքերը. եթե ուզում ես թռչել, նախ սովորիր կանգնել, քայլել, վազել, պարել։ Չի կարելի միանգամից պատրաստվել թռիչքի»։ Ինչ պարել է պարել Կարեն Ավագյանը շեֆերի դեմ, բժշկականում, երբ ուսխորհրդի նախագահ էր, վարչապետի օգնական, երիտկազմակերպության նախագահ եղած ժամանակ, մինչեւ որ… թռավ. նրա ղեկավարած Երիտասարդական հիմնադրամը նախագահականի գործընկերը դարձավ եւ 518 մլն դրամ գումար ստացավ երիտասարդական քաղաքականություն իրականացնելու համար:



 



Երկար պարելուց հետո Կարեն Ավագյանի հենց այս «թռիչքի» մասին հիշեցրեց  նրան ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, որը հայտարարությունների ժամին խոսափողին էր մոտեցել մեկ այլ հայտարարություն անելու համար, բայց Կարեն Ավագյանի ճառն ընդդեմ քաղաքական փոքրամասնության ստիպեց նրան փոխել պլանները:



«Հայտնի հիմնադրամի կողմից տնօրինվում է շուրջ 518 միլիոն դրամ՝ երիտասարդական քաղաքականություն իրականացնելու համար, այնինչ պետական երիտասարդական քաղաքականությանը հատկացվում է շուրջ 180 մլն դրամով պակաս գումար»: Այս նախադասությանը երեկ Երիտասարդական հիմնադրամը երկու էջանի տեքստով պատասխանեց, որի ծավալից արդեն երեւում է, թե ինչքան է խոցված ցողունապետը: «Վերջին օրերին որոշ մարդիկ փորձում են շահարկել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունն ու համբավը։ Պատճառը հավանաբար այն է, որ հիմնադրամը տարիների ընթացքում կարողացել է առանձնանալ իր ակտիվ ու ծավալուն գործունեությամբ, ծրագրային բազմազանությամբ»,- իր վարկածը շարադրեց Ավագյանը հիմնադրամի տնօրենի անունից: Ապա մի գովեստ, մի  երկրպագություն, թե ինչ մեծ վստահություն ունի հիմնադրամն ուսանողների շրջանում, ինչ լավ-լավ գործեր է անում, մոտ 180 ծրագիր: Թե ում է օգնում, ում է ֆինանսավորում, ում է կրթաթոշակներ տալիս, իսկ շատերը չգիտեն: Անունները ոչինչ չեն ասում: Օրինակ, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնություն, որի հետ համագործակցելով՝ Երիտասարդական հիմնադրամը, ըստ իր տեղեկանքի, տարեկան 200 միլիոն դրամ է նախատեսել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի համար։ Թվում է, լավ խումբ է, նույնիսկ ընդդիմադիր կեցվածքով, գիտության ֆինանսավորում է պահանջում: Բայց, մեր տեղեկություններով, այս խմբի հետեւում ՀՀ վարչապետն է: Հենց այս խմբի միջոցով երկար եւ նյարդայնացնող դատական գործընթացի մեջ ներքաշեցին  ընդդիմադիր գործիչ Հրանտ Բագրատյանին, որին մեղադրեցին ֆիզիկոս Մանե Հակոբյանից իր իսկ իրագործած գիտության բարեփոխման ծրագիրը գողանալու մեջ: Հենց այս երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրից է 400 հազար դրամ ստացել Տարոն Մարգարյանի պաշտպանության օրը լրագրողների դեմ կռիվ տված եւ նրանց աշխատանքը խոչընդոտած երիտասարդ «բազեյական» Սեւակ Խաչատրյանը:



 



Իր պատասխանում Կարեն Ավագյանը նաեւ ավելի փոքր ծրագրեր է նշում՝ ուսման վարձի փոխհատուցում, որի շրջանակներում ամեն տարի 60 միլիոն դրամ է փոխանցում ուսանողներին: Բնականաբար, այդ ուսանողների քաղաքական վարքին եւ հնազանդությանն ուշի ուշով հետեւում են ուսխորհրդի նախագահները եւ զեկուցում ռեկտորներին: Հիմնադրամի պատասխանում նաեւ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծումն է նշված. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մարզային երիտասարդության խնդրանքով վերաբացեց մարզային երիտասարդական կենտրոնները՝ իր միջոցների մի մասն ուղղելով այդ կենտրոնների աշխատանքներին։



 



Այսօր արդեն մեծաթիվ մարզաբնակ երիտասարդներ օգտվում են կենտրոնների տված հնարավորություններից, նրանց համար կազմակերպվում են տարաբնույթ ծրագրեր»։ Եվ, իհարկե, ոչ մի խոսք այն մասին, որ այդ կենտրոնների ցանցն ընտրությունների ժամանակ ուղղակի վարչական ռեսուրս է դառնում, կեղծիքների մեխանիզմ, իշխող  կուսակցության համար կամակատարների բանակ ապահովող: 



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ